կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-17 13:31
Քաղաքական

Իվանիշվիլին արդեն հայտնել է ԼՂՀ հարցում իր դիրքորոշումը

Իվանիշվիլին արդեն հայտնել է ԼՂՀ հարցում իր դիրքորոշումը

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր կառավարությունում Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում շնորհակալություն հայտնեց Վրաստանի հայ համայնքին ընտրությունների ժամանակ իրենց օգնելու համար:

 

Իվանիշվիլին վերահաստատեց նախընտրական շրջանում հայերին տված խոստումները եւ նշեց, որ իր գլխավորած կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի հայ համայնքն ինտեգրվի վրաց հասարակությանը, եւ որ հայերին տրված նախընտրական խոստումներն իրականանան:

 

Ասուլիսի ժամանակ վրացի լրագրողը հարց ուղղեց Բիձինա Իվանիշվիլիին Վրաստանի արտգործնախարար Մայա Պանջիկիձեի հայտարարության առնչությամբ` կապված Ղարաբաղյան հակամարտության հետ, ինչը զայրացրեց վրաց վարչապետին: Նա նշեց, որ այդ հարցն այլեւս սպառված է, եւ այդ ուղղությամբ Իվանիշվիլին իր դիրքորոշումն արդեն հայտնել է:

 

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց իր վրացի գործընկերոջից, որ նրանք ԼՂՀ կարգավորման հարցում հավասարակշռված դիրքորոշում ունեն: Տիգրան Սարգսյանը նշեց նաեւ, որ գաղտնիք չէ, որ պարբերաբար աղավաղվում են ԼՂՀ-ի շուրջ արված հայտարարությունները:

 

«Եվ մենք շնորհակալ ենք մեր վրացի գործընկերներին, որ նրանք այդպիսի աղավաղումների դեպքում այդպես օպերատիվ արձաքանքեցին, որպեսզի չլինեն այնպիսի մեկնաբանություններ, որոնք չեն համապատասխանում Վրաստանի կառավարության պաշտոնական դիրքորոշմանը»,- նշեց Տիգրան Սարգսյանը:

 

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիլն այս հարցի առնչությամբ ավելացրեց, որ ինքը երկխոսություն է ունեցել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, լսել է նրա դիրքորոշումը հարցի շուրջ, որը փոխանցել է նաեւ վարչապետ Սարգսյանին: Իվանիշվիլին այս թեմայով զրույց է ունեցել նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Նա կարծիք հայտնեց, որ ԼՂՀ հակամարտության լուծման հարցը շատ բարդ լուծում է ենթադրում, եւ ասաց, որ հարցը պետք է խաղաղ կարգավորվի, եւ որ երկու պետությունները պետք է բոլոր հնարավորությունները գործադրեն` հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար: