կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-13 19:47
Հասարակություն

«Կուտակայինի» հարցում կառավարության դիրքորոշումը փոխանցել գործատուներին. փոխվարչապետի առաջարկը

«Կուտակայինի» հարցում կառավարության դիրքորոշումը փոխանցել գործատուներին. փոխվարչապետի առաջարկը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզպետարանների ենթակայության առողջապահական հաստատություններում, նաև մարզային սոցիալական ծառայություններում Վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքները և արձանագրված խախտումները: Փոխվարչապետն անթույլատրելի համարեց նշված հաստատություններում խախտումների դեպքերը և մարզպետներին առաջարկեց սեղմ ժամկետներում քննել արձանագրված փաստերը, պարզել պատճառները, իսկ մեղավորներին պատասխանատվության ենթարկել:

 

Խորհրդակցությանը ներկայացվեցին հանրապետության համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2014թ. առաջին հինգ ամիսների կատարողականի ցուցանիշները, ինչպես նաև համայնքների աշխատավարձի գծով պարտքերի վերաբերյալ տվյալներ: Նշվեց, որ 2014թ. ընթացքում պարտքեր են կուտակվել մի շարք մարզերում, ընդհանուր՝ 17,3 մլն դրամի չափով: Փոխվարչապետն անթույլատրելի համարեց ընթացիկ պարտքերի կուտակումը՝ նկատելով, որ հուլիսի 1-ից նախատեսվում է նաև նվազագույն աշխատավարձի բարձրացում, և համայնքներում պետք է առավելագույն ուշադրություն դարձվի բյուջետային կարգապահությանը՝ նախատեսված ծրագրերը և ֆինանսական պարտավորություններն ամբողջությամբ և ողջ ծավալով իրականացնելու համար: Փոխվարչապետը մարզպետներին հորդորեց խնդիրը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում:

 

Ներկայացվեցին նաև Արագածոտնում, Գեղարքունիքում և Շիրակում հատկապես հողի հարկի հավաքագրման գործընթացում հարկատուների ներգրավվածության վերաբերյալ վերլուծության արդյունքները: Փոխվարչապետը համապատասխան մարզպետների ուշադրությունը հրավիրեց տվյալներին՝ ընդգծելով բոլոր հարկատուների նկատմամբ հավասար մոտեցում կիրառելու անհրաժեշտությունը: Ըստ նրա՝ այս ոլորտում վարչարարության բարելավման առումով անելիքներ կան, և խնդիրը գտնվելու է Տարածքային կառավարման նախարարության ուշադրության կենտրոնում:

 

Անդրադարձ եղավ նաև գյուղական բնակավայրերում գործող առողջապահական կազմակերպությունները բաժնետիրական ընկերություններից ՊՈԱԿ-ների կամ ՀՈԱԿ-ների վերակազմակերպման գործընթացին, ինչպես նաև մարզային ենթակայության կրթական և առողջապահական հաստատությունների կառավարման արդյունավետության հետ կապված հարցերի:

 

Փոխվարչապետը մարզպետների ուշադրությունը հրավիրեց նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխություններով սահմանված պահանջների կատարման խնդրին՝ ընդգծելով, որ կառավարությունը կարևորում է օրենքով նախատեսված մոտեցումների պահպանումը՝ առանց որևէ վերապահման կամ բացառությունների: Նա առաջարկեց կառավարության դիրքորոշումը փոխանցել նաև մարզային ենթակայության հիմնարկների ղեկավարներին:

 

Ա. Գևորգյանը մարզպետներին հորդորեց նաև աջակցել աշնանն անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման աշխատանքներին և կարևորեց այսօր կայացած՝ գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովի նիստի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ նախանշված ժամկետներում իրականացումը:

 

Անդրադարձ եղավ նաև Գյուղական համայնքների 4-րդ համաժողովի կազմակերպչական հարցերին: Համաժողովն ավանդաբար կազմակերպվում է աշնանը՝ տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների հրատապ խնդիրների քննարկման նպատակով: Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: