կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-06 16:37
Արցախ

Ոչ միայն ռուս, այլև ընդհանրապես խաղաղապահների տեղակայումը չի կարող ընդունելի լինել Արցախի համար․ ԼՂՀ և ՀՀ քաղաքական շրջանակների դիրքորոշումը

Ոչ միայն ռուս, այլև ընդհանրապես խաղաղապահների տեղակայումը չի կարող ընդունելի լինել Արցախի համար․ ԼՂՀ և ՀՀ քաղաքական շրջանակների դիրքորոշումը

Ոչ միայն ռուս, այլև ընդհանրապես խաղաղապահների տեղակայումը չի կարող ընդունելի լինել Արցախի համար․ ԼՂՀ և ՀՀ քաղաքական շրջանակների դիրքորոշումը

Ոչ միայն ռուս, այլև ընդհանրապես խաղաղապահների տեղակայումը չի կարող ընդունելի լինել Արցախի համար, որովհետև 1990-ականներին չակերտյալ՝ «խաղաղապահների» գոյությամբ մենք տեսանք, թե ինչպես ընկավ Շահումյանը, Գետաշենը և բավականին մեծ քաղաքական և ռազմական կորուստներ մենք ունեցանք` Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ղեկավար Դավիթ Բաբայանը։

Նա նշեց, որ նաև ուշի ուշով հետևում են, թե խաղաղապահների տեղակայմամբ ինչպիսի զարգացումներ են եղել տարբեր հակամարտությունների գոտիներում՝ Կոսովոյում, Սիրիայում և այլուր, ինչն իրենց չի ոգևորում։

ԼՂՀ Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը 1990-ականների հետ զուգահեռ տանել չցանկացավ, քանի որ այն ժամանակ Սովետական իշխանություն էր։

«Միխայիլ Գորբաչովի հանցավոր քաղաքականությունը բերել էր նրան, որ այդ խաղաղապահները իսպառ դարձել էին պարզապես կարատելներ (պատժիչ ուժեր), նայած քաղաքական ինչպիսի կոնյունկտուրա էր, նույնիսկ տեղական որոշ հրամանատարների կաշառում էին․ երբ կենտրոնական իշխանությունը թուլանում է, այդպիսի բաներ լինում են»,-ասաց նա։

Փոխարենը, Դավիթ Բաբայանը համարում է, որ խաղաղապահների հարցը քննարկելու համար դեռ պետք է սպասել․ այս պահի դրությամբ նախ և առաջ պետք է կանգնեցնել պատերազմը, մյուս հարցերը կարելի է քննարկել միայն պատերազմը կանգնեցնելուց հետո։ Պետք է այդ հարցը առնվազն քննարկվի նաև ԵԱՀԿ ՄԽ գոնե եռանախագահության շրջանակում։

«Խաղաղապահների խնդիրը ամենաբարդ խնդիրներից մեկն է․ եթե դա զուտ ռուսական խաղաղապահներ են, սա մեկ բան է, որտե՞ղ են տեղակայվելու՝ սահմանի երկայնքո՞վ, ճակատի երկայնքո՞վ, ի՞նչ պայմաններում, սա այլ բան է։ Այս փուլում բավականին բարդ է, համենայն դեպս, Ադրբեջանը նախահարձակ է և, օգտագործելով Թուրքիայի անմիջական օժանդակությունն ու մասնակցությունը, իր համար որոշակի հաջողություններ է փորձում արձանագրել»,-ասաց Դավիթ Բաբայանը։

Հայաստանի Հանրապետության քաղաքական շրջանակները խաղաղապահ տեղակայելու հարցը առհասարակ մեկնաբանել չցանկացան։

«Բայց ո՞վ է նման հարց քննարկում, որ․․․ ես ինքս 4 օր առաջ հանդիպել եմ ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ, նման բան ինձ չի ասվել, չեմ կարող մեկնաբանել»,-Yerkir.am-ին ասաց ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Խորհրդարանական մեկ այլ ուժի՝ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նման հարց իրենց քաղաքական ուժը չի քննարկել, այդ հարցը պիտի քննարկի ՀՀ իշխանությունը։

Թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, թե՛ Հայաստանի Հանրապետությունում միանշանակ բացասական են պատասխանում այլ հարցի՝ արդյո՞ք պետք է ընդլայնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների թիվը, թե՞ ոչ։ Ինչպես գիտենք, Թուրքիան հայտ է ներկայացնում ներգրավվել իբրև միջնորդ, խոսվում է նաև Վրաստանի, Բելառուսի և այլ երկրների մասին։

«Դա տոտալ անընդունելի առաջարկ է, մեր դիրքորոշումը հետևյալն է, որ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը չի կարող որևէ ձևով փոխվել։ Նաև համանախագահ երկրների ղեկավարները դեմ կլինեն, որ այդ ֆորմատը փոխվի»,-ասաց Էդմոն Մարուքյանը։

Նա վստահ է, որ եթե այլ երկրներ ներգարվվեն, ընդհանրապես կարելի է ձեռքերը լվանալ կարգավորումից։

«Թուրքիան այսօր պատերազմի կողմ է, Թուրքիան այսօր բացահայտ հայտարարում է և գործուն ռազմական աջակցություն է ցույց տալիս Ադրբեջանին, այսօր Թուրքիայի ուղղակի աջակցությամբ զինյալ ահաբեկիչներ են կռվում Արցախի դեմ, Թուրքիան և Ադրբեջանը պիտի դատվեն որպես ռազմական հանցագործներ»,-ասաց Զոհրաբյանը։

Իբրև ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ նա վստահեցրեց, որ ՄԽ համանախագահների ձևաչափ փոխելու փորձեր Ադրբեջանը պարբերաբար արել է թե՛ ԵԽԽՎ-ում, թե այլ միջազգային կառույցներում, իր լոբբիստների միջոցով փորձել է շրջանառել թեզը, որը հետո «Օվերտոնի պատուհանի» սկզբունքով դառնա քննարկելի թեմա։ Այնինչ դա անընդունելի է հենց համանախագահող երկրների համար։

Դավիթ Իշխանյանը նկատեց, որ Մինսկի խումբը իր առաքելությունը կատարել և կատարում է և երկար տարիների իրենց ջանքերը ապարդյուն չէին։

«Մենք տեսանք, թե ինչպես 2016-ի ապրիլից հետո Ադրբեջանը փորձում էր այդ ձևաչափը փոխել, հատկապես Թուրքիայի ներգրավվածությունն ապահովելու նպատակով կամ միջազգային այլ կազմակերպության հովանու տակ տեղափոխել ղարաբաղյան խնդիրը, մասնավորապես ՄԱԿ-ի անմիջական հովանու ներքո։ Բայց ԵԱՀԿ ՄԽ-ը իր առաքելությունը եթե ոչ լիարժեքորեն, ապա կատարել է որոշակի բարեխղճությամբ»,-ասաց նա։

Դավիթ Իշխանյանն անընդունելի համարեց Թուրքիային, որպես համանախագահող կողմ, ներգրավելը՝ նկատի առնելով, որ Թուրքիան կողմնակալ է․ «Նա իր ձգտումներն ուներ անցյալ տասնամյակներում, իսկ ինչպիսին է Թուրքիայի մոտեցումները, մենք դա շատ լավ գիտենք ոչ միայն հայտարարությունների, քաղաքական վարքագծի, այլև թուրք-ադրբեջանական հարաբերությունների բոլոր շերտերի առումով»։

Այդ դեպքում ինչպե՞ս են պատկերացնում պատերազմի այս փուլի կանգնեցումը՝ հարցին, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը պատասխանեց․ «Մի բան է պարզ է, մենք պետք է սերունդների առջև մեր ունեցած ձեռքբերումները և նաև սերունդներին փոխանցելիք մեր արժեքները միայն պահպանենք և կարողանանք առանց կորուստների փոխանցել»։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում ասաց, որ ռուս խաղաղապահների զորքը հնարավոր է բերվի Հայաստան, եթե այդ հարցը քննարկվի ԵԱՀԿ շրջանակում: Իսկ հոկտեմբերի 4-ին հարցը մեկնաբանեց ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը. «Խաղաղապահները կարող են մուտք գործել միայն կողմերի համաձայնության դեպքում»:

Աննա Բալյան