կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-15 11:06
Քաղաքական

''Հովիվների'' դարաշրջանն ավարտվել է

''Հովիվների'' դարաշրջանն ավարտվել է

«Ժամանակը» զրուցել է Արցախի Հանրապետության վարչապետի օգնական, «Արցախակերտում» ՀԿ համանախագահ Արտակ Բեգլարյանի հետ:

 

-Որպես քաղաքագետ` Հայաստանում առկա ներքաղաքական կոլապսը ինչի՞ հետեւանք եք համարում:

-Այո’, մեզ մոտ կան դժգոհություններ, սակայն դժգոհություններ կան ցանկացած երկրում, այդ թվում` եւ արեւմտյան զարգացած դեմոկրատիաներում: Դժգոհությունները Հայաստանի պարագայում ցանկալի մակարդակի չեն, կարող էին լինել ավելի ցածր մակարդակի, եւ սա ընդունում են բոլորը` սկսած նախագահից, մինչեւ քաղաքացի:

 

Կարծում եմ` Ձեր նշած կոլապսի հիմնական պատճառն այն է, որ մեր հասարակությունը սիրում է անհատներ, լիդերներ, փրկիչներ, այդ պատճառով մենք կոլապսի առաջ ենք կանգնում, մենք ցանկանում ենք, որ հովիվը` անհատը, մեր հոտը ղեկավարի. Այստեղ արդյունավետության խնդիր կա, քանի որ անհատականորեն քաղաքականության դարաշրջանը համարում եմ վաղուց ավարտված` հատկապես այնպիսի համակարգերի համար, որին ձգտում ենք մենք:

 

Իմ կարծիքով` այս խնդիրը շուտով պետք է լուծվի, քանի որ վերջին տարիներին մենք տեսնում ենք քաղաքացիական ակտիվ շարժումներ, որոնք ոչ թե անհատակենտրոն, այլ գաղափձարակենտրոն շարժումներ են, որտեղ չենք տեսնում ընդգծված լիդերներ, այլ նախաձեռնող խմբեր: «Հովիվների» դարաշրջանն ավարտվել է, քանի որ երբ որեւէ ուղղահայաց լիդերի ինչ-որ բան է պատահում, օրինակ` մանիպուլյացիաների միջոցող, սկանդալային ինչ-որ քայլերով այդ լիդերն իր կերպարը կորցնում է, որպես խարիզմատիկ լիդեր, կամ ուղղակի հեռանում է քաղաքականությունից կամ կյանքից, մենք արդեն անդունդի եզրին ենք հայտնվում:

 

Իսկ քաղաքացիական նախաձեռնությունը գաղափարի համար է, եւ այն ինչ-որ ձեւով վարկաբեկել անհնար, կամ գոնե բավականին դժվար է, քանի որ այդտեղ գտնվում է ժողովուրդը, եւ հենց նա էլ որոշումներ է կայացնում` առանց ուղղահայաց լիդերի միջամտության: Այդ պարագայում ժողովրդի մտածելակերպը հոտային մտածելակերպ չէ` չի մտածում, որ պետք է հետեւի մեկին, ով իր փոխարեն որոշում կկայացնի, այստեղ պատասխանատու է քաղաքացին, բոլորը պայքարում են հավասար իրավունքներով ու պարտականություններով:

 

Սա է, որ պետք է փոխվի մեր մեջ, եւ ես կարծում եմ` շուտով այս ուղղությամբ փոփոխություններն ավելի ակնհայտ կլինեն: Համոզված եմ` ովքեր ցանկանում են ինչ-որ բան բարելավել այստեղ, միշտ էլ պայքարելու են դրա համար: Եվ այն մարդիկ, ովքեր լավ կրթություն են ստանում թե’ արտասահմանում, թե’ այստեղ, պետք է հասկանան, որ այդ կրթությունն իրենց համար գործիք է, ոչ թե նպատակ, եւ այդ գործիքը պետք է կիրառեն մեր համատեղ նպատակներին հասնելու համար:

 

Ավելին կարդացե’ք «Ժամանակի» այսօրվա համարում: