Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախընտրական այս շրջանում, ինչպես ցանկացած ընտրության ժամանակ, խոսակցության թեման ընտրողների ցուցակների ուռճացումն է:
Ըստ ոստիկանության` 2013թ. հունվարի 6-ի դրությամբ՝ ընտրողների նախնական թիվը (մայիսի 6-ից մինչեւ հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում) աճել է 25 հազար 53-ով: Նախորդ տարվա ապրիլի 6-ին ոստկանությունը հրապարակեց տվյալներ, ըստ որոնց, Հայաստանում ընտրողների թիվը կազմում է 2 միլիոն 482 հազար 739։ Սակայն ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 522 հազար 906 էր մայիսի 6-ին կայացած ընտրություններում: Այժմ չգիտենք՝ այդ 25 հազար մարդը ավելացվում են ոստիկանության ներկայացրած 2 միլիոն 482 հազար 739 ընտրողի թվի՞ն, թե՞ ԿԸՀ-ի կայքում նշված 2 միլիոն 522 հազար 906-ին:
Մեր երկրում տեղի ունեցած վերջին նախագահական ընտրություններին մասնակելու իրավոնք ունեին 2 միլիոն 311 հազար 917 քաղաքացիներ: Այսինքն` անցած 5 տարիների ընթացքում մեր ընտրողների թիվն աճել է մոտ 211 հազարով:
Սակայն վերջին չորս տարիներին մեր երկրի ժողովրդագրական պատկերը փոփոխության է ենթարկվել, ընդ որում` ի վնաս պետության: Տասնյակհազարներով յուրաքանչյուր տարի ավելանում է մեր երկրից գնացող-չվերադարձողների թիվը: 2008 թվականին Հայաստանում ծնունդների թիվը եղել է 41.185, մահերինը` 27.412, բնական աճը կազմել է 13,773 մարդ: 2009 թ. ծնունդների թիվը` 44,413, մահերինը` 27,560, բնական աճը կազմել է 16,853: 2010 թվականին ծնվել է 44,825 երեխա, մահացել է 27,921 քաղաքացի, արդյունքում` բնական աճը կազմել է 16,904: 2011-ին մեր երկրում ծնվել է ավելի քիչ թվով մարդ` 43,447, մահացել` ավելի շատ` 28,030: Աճը կազմել է 15,417: 2008-2011թթ., փաստորեն, բնական աճը կազմել է ընդամենը 62,947 մարդ: 2012-ի 9 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցվել է 30 906 ծնունդ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3%-ով նվազել է։
Պետական սահմանահատումների հաշվարկներում միգրացիոն հոսքերի բացասական սալդոն եւս ահռելի թիվ է կազմում: Նշյալ 4 տարիները միասին վերցրած` մեր երկրից անվերադարձ մեկնել է մոտ 140.000 քաղաքացի: Եկողների նկատմամբ մեկնողների թիվը 2008-ին ավելի է եղել 23,100 մարդով, 2009-ին` 25,000, 2010-ին` 46,700, 2011-ին` 43.800 մարդով: Իսկ նախորդ տարվա առաջին 11 ամիսներին Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 71 հազար 374 մարդ: Եթե երկրից մեկնած մարդկանց` 138.600 թվից հանենք բնական աճի թիվը` 62.947-ը, կստացվի, որ 2008-2011թթ. մենք կորցրել ենք 75.653 մարդ: 2012թ. ցուցանիշները թե' ծնելիության, թե' արտագաղթի մասով առավել ծանր են, բայց չենք հաշվում, քանի որ դեռ վերջնական թիվ չկա:
Բայց, արի ու տես, որ 75.653 մարդով պակասել է բնակչության թիվը, բայց 211 հազարով ավելացել է ընտրողների թիվը: ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ եթե երկրից մեկնում են ու դուրս չեն գալիս հաշվառումից, համարվում են ընտրողներ: Հենց սա է պատճառը, որ ԱԺ մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը հրաժարվում է ընդդիմության առաջարկած` Ընտրական օրենսգրքի փոփոխություններին` որ ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները փակցվեն տեղամասերի պատերին, որպեսզի չիմանանք՝ այդ մարդիկ եկել, քվեարկե՞լ են, թե՞ ոչ: Իսկ նրանք, շատ հնարավոր է, իսկապես «քվեարկում են»: Այսպիսով` մենք երբեք չենք կարող իմանալ մեր երկրում իրական ընտրողների թիվը:
Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ