Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանը տարեկան հազարավոր դոլարներ է ծախսում հակահայկական քարոզչություն իրականացնելու համար: Օգտագործվում են քարոզչական բոլոր հնարավոր միջոցները, մինչդեռ հայկական կողմն ավելի շատ պատասխանողի դերում է` այն էլ պասիվ: Այսօր լրագրողների հետ այս թեման քննարկեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանը:
Նա անդրադարձավ ադրբեջաներենով եւ այլ լեզուներով լույս տեսնող, պատմությունն աղավաղող հակահայկական հոդվածներին, մասնավորապես` 2010 հոկտեմբերի 16-ին ՀՀ նախագահի ելույթին ի պատասխան գրված` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մեհթիեւի «Աբսուրդի թատրոն» հոդվածին:
Հարկ է նշել, որ հոդվածի շարադրանքն է իսկական անհեթեթություն եւ ոչնչով չի տարբերվում հակահայկական այլ հոդվածներից: Ինչպես միշտ, շոշափվում են խեղաթյուրված պատմագիտական հարցեր եւ տարածքային ամբողջականության խնդիրը, սակայն հոդվածագիրը բացահայտել է նաեւ մի քանի` բացառիկ հիմարության հասնող փաստեր: Օրինակ ` հայերը տարածաշրջանում եկվորներ են, եկել են միայն 19-րդ դարի վերջին, մենք ներկայումս ապրում ենք Արեւմտյան Ադրբեջանում, եւ այս տարածքն էլ մեզ նվիրել են ադրբեջանցիները, կամ ինչպես իրենք են ասում կովկասյան աղվանները:
Պարոն Հարությունյանը պարզաբանեց, որ նախ աղվանները ոչ մի կերպ չեն կարող լինել ադրբեջանցիներ, դա նույնն է, թե ասենք` թուրքերի նախահայրերը հույներն են եղել, քանի որ թուրքերի մի մասն ապրում է հունական հողերում: Բացի այդ` Աղվանքը զուտ հայկական հասկացություն է, որը նշանակում է արգավանդ երկիր, արմատն էլ աղն է:
Հոդվածագիրը եւս մեկ ֆանտաստիկ բացահայտում է արել` որ Էջմիածինը հայերեն բառ չէ, այլ թուրքերեն եւ արաբերեն բառակապակցություն` ուջ մաձին, որ թարգմանաբար նշանակում է` երեք քարոզիչ: Հետաքրքիր է` ինչպես կարող էր Էջմիածին բառն ունենալ թուրքական ծագում, եթե 3-րդ դարում այդ ազգը երկրագնդի վրա անգամ չկար:
Բաբկեն Հարությունյանը, ի պատասխան Մեհթիեւի հոդվածի, դեկտեմբերի վերջին մի հոդված է տպագրել «Վեմ»-ում, որը ներկայումս թարգմանվում է մի շարք օտար լեզուներով:
«Հայկական քարոզչությունը ցածր մակարդակի վրա է, մինչդեռ պետք է արվեր պետական մակարդակով եւ աջակցությամբ: Մենք հաճախ քամահրանքով ենք վերաբերվում ադրբեջանական ստերին եւ անպատասխան ենք թողնում դրանք, սակայն դա շատ սխալ է, քանի որ եթե սուտը 100 անգամ չի հերքվում, այն սկսում է ճշմարտության երանգ ստանալ, հատկապես` օտարազգիների շրջանում»,- նշեց պատմաբանը:
Մենք հաճախ մոռանում ենք, որ զինված պայքարից ոչ պակաս կարեւոր է նաեւ քարոզչական պայքարը, որում մենք դեռեւս զիջում ենք հարեւան հանրապետությանը: Վաղուց ժամանակն է, որ մենք լինենք ոչ թե պասիվ պատասխանողի դերում, այլ ինքներս լինենք խնդիրներ առաջադրող: