Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, «Mediamax»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե որն է համարում իր անձնական ամենամեծ բացթողումը պատերազմի ընթացքում, պատասխանել է. «Չկարողացա հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը եւ դրանից առաջացող խոչընդոտները, մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը եւ գործառույթներին, Հայաստանի զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին եւ պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը: 2015-ին ընդունված նոր Սահմանադրությամբ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման եւ վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են գերագույն հրամանատարին եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին»:
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին հարցրինք, թե վարչապետ-Պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող ի՞նչ անհստակություններ են, որ խոչընդոտներ են առաջացրել, եւ որոնց մասին խոսել է պաշտպանության նախկին նախարարը, ԳՇ նախկին պետը պատասխանեց. «Այդ հայտարարության վերաբերյալ պետք է նախարարին հարցնել, ես ասել եմ, որ եղել են համակարգային խնդիրներ, այդ մասին ես էլ եմ խոսել, ուրիշ ավելացնելու բան չունեմ»:
Երբ Դուք էիք Գլխավոր շտաբի պետը, վարչապետ-ՊՆ-ԳՇ կապի հարցերում խնդիրներ կայի՞ն:
Դա կապի խնդիր չէր, օրենսդրական խնդիրներ են, որոնցով հստակեցված չեն գործառույթները: Շատ գործառույթներ իրար զուգահեռ են կամ համընկնում են, որոնք բերում են տարբեր մեկնաբանությունների՝ կախված անհատական մոտեցումից:
Քառօրյա պատերազմի ժամանակ կայի՞ն նման օրենսդրական խնդիրներ, որոնք տարբեր մեկնաբանությունների տեղիք էին տալիս:
Ուրեմն այդ խնդիրները... այս կամ այն ձեւով՝ այո, կան, եղել են:
Տոնոյանը նաեւ նշել էր, որ ՀՀ նախագահի 2018 թ. փետրվարի 17-ի հրամանագրով հաստատված «ՀՀ զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագիրը», խմբագրված եւ Անվտանգության խորհրդի կողմից 2019 թ. նորից ընդունված Զինված ուժերի զարգացման պլանը, կառավարության կողմից վերանայվող «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը», նախաձեռնված «Պաշտպանության ռազմավարական վերանայումը» ամբողջ ծավալով չէին իրագործվել, եւ իրենք չհասցրին պատրաստվել «անհպում» պատերազմին՝ հինգերորդ սերնդի սպառազինության կիրառմամբ: Պարո՛ն Դավթյան, իսկ ինչ-որ բան արվե՞լ էր, եւ ի՞նչը չհասցրին անել:
Միանշանակ, քայլեր արվել են, բավականին շատ ծրագրեր եղել են, բնական է, իհարկե:
Ո՞րն էր այն վերջնական մոդելը, որը կունենայինք, եթե «հասցնեին»:
Հավասարակշռությունը՝ Ադրբեջանի զինված ուժերի հետ, որպեսզի կարողանայինք ունենալ այն իրավիճակը, որը կապահովեր խնդրի կատարումը:
Ձեռք բերված «ՍՈՒ-30» ինքնաթիռներն այդ պլանի մի մա՞սն էին կազմում:
Այո:
Նախատեսվո՞ւմ էր դրանց համար հրթիռներ գնել, չէ՞ որ դրանք պատերազմի ժամանակ մարտական որեւէ գործողություն չեն իրականացրել:
Հիմա էլ է նախատեսված, դրանք ծրագրով նախատեսված եղել են, եւ ինձ թվում է՝ հիմա էլ բանակցություններ կվարեն, որ ժամանակին ձեռք բերվեն: Դա այնպես էր պլանավորված, որ միանգամից ձեռք չէին բերվելու այդ հրթիռները, այլ պետք է ընթացքում ձեռք բերվեին, իսկ պայմանագրի մեջ, որ պետք է հրթիռներ ձեռք բերենք Ռուսաստանից, մենք նման կետ ունեցել ենք:
Ասում են՝ լավ կլիներ, որ այդ ինքնաթիռների փոխարեն «Տոր» հակաօդային զենիթահրթիռային համակարգեր գնվեին: Արդիականացման ծրագրում այդ հակաօդային համակարգերը եւ՞ս կային:
Այդ ինքնաթիռների հաշվին ոչ մի բան չպիտի ձեռք բերվեին, որովհետեւ այդ հրթիռներն իրենց գումարներով էին, մեկը մյուսի հետ կապել պետք չէ, իսկ «Տոր» համակարգեր ձեռք են բերվել, ներկրվել են, որոնց հաջորդ խմբաքանակի վերաբերյալ բանակցությունները պետք է շարունակվեին՝ ձեռք բերելու համար: Մեկը մյուսի հետ կապված չէ, բայց «Տոր»-երը մենք ձեռք էինք բերել, որի մասին հայտարարվել էր, եւ հաջորդ խմբաքանակը նույնպես պետք է ձեռք բերվեր, իսկ թե երբ՝ ես չբացեմ փակագծերը:
Արդեն իսկ ձեռք բերված խմբաքանակն օգտագործվե՞լ է պատերազմում, արդյունավե՞տ է եղել:
Այո, ես գիտեմ, որ արդյունավետ են եղել, մնացած հարցերն ուղղեք կիրառողներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում