կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-26 10:45
Առանց Կատեգորիա

Աբսուրդի թատրոն. Կուսակցականները բնակչության թվից շատ են

Աբսուրդի թատրոն. Կուսակցականները բնակչության թվից շատ են

Հայաստանի քաղաքական համակարգը կայացած չէ, եւ դրա հիմնական վկայություններից մեկն էլ կուսակցական համակարգի գերհագեցվածությունն է: Իհարկե, ժամանակ առ ժամանակ լուծարվում են կուսակցությունները, խժդժությունների արդյունքում բաժանվում մի քանի ճյուղերի, ինչպես եղավ հնչակյանների, կոմունիստների կամ ռամկավարների հետ: Կամ էլ նորերն են ի հայտ գալիս: Բայց կուսակցական համակարգը, այնուամենայնիվ, չի բյուրեղանում: Ինչպես ասում են, ով չի ալարում` կուսակցություն է բացում: Ու արդյունքում՝ Հայաստանում կա 74 կուսակցություն: Սա խոսում է կուսակցությունների մասին օրենքի չգործելու մասին, քանի որ այդ կուսակցությունների մեծ մասը թե՛ թվաքանակի, թե՛ տարածքային կառույցների, թե՛ գործունեության մասով չի բավարարում օրենքի պահանջները:

Կուսակցություններն իրենց «կարեւորությունը» ցուցադրելու համար անդամների այնպիսի ահռելի թվեր են նկարում, որ զարմանքից քար ես կտրում: Այսպես, ամենաշատ անդամներ ունեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 370.000 անդամ, ՀՀԿ-ն` 135.000, ՕԵԿ-ը` 100.000 անդամ, «Ազգային միաբանությունը»` 46.700, ՀԺԿ-ն` 30.300, «Նոր ժամականակները»` 24.077: Կոմունիստների մի թեւը` ՀԿԿ-ն, 20.000-ի է հասցրել անդամների թիվը, մյուս թեւը` Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցությունը, եթե գրանցման ժամանակ ուներ 12.600 անդամ, ապա 2007թ.` 3744:

Ի դեպ, միայն միավորված կոմունիստները չէ, որ ահռելի թվով անդամներ են կորցրել, ԱԻՄ-ը 20 տարում կորցրել է 10500 անդամ` հասցնելով հավատավորների թիվը 8000-ի:

«Ազգային միասնության ուխտ» կուսակցությունն էլ, եթե գրանցման ժամանակ ուներ 7900 անդամ, 2007թ., ըստ Մարդկային զարգացման հիմնադրամի ուսումնասիրությունների, 277 անդամ: Եվ սա միակ կուսակցությունը չէ, որ անդամների թիվը օրենքով սահմանվածից պակաս է: ՄԱԿ կուսակցությունն ունի 17.000 անդամ, ԺԿ-ն` 14.520, «Ազատամարտի վետերանների միությունը` 12.642, «Հզոր հայրենիք» կուսակցությունը` 11.500 անդամ: Կան կուսակցություններ, որոնք ավելի շատ անդամ ունեն, քան իրենց մասին գիտի հանրությունը. «Մեր տունը Հայաստանն է» ունի 25.500 անդամ, «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցությունը` 18.325 անդամ, «Հայոց Հայրենիք» կուսակցությունը` 13.213: Մնացած կուսակցությունների թիվը, արդեն, պակաս է 10.000-ից: 20 կուսակցությունների անդամների թիվը մեզ այդպես էլ չհաջողվեց ճշտել:

Եթե վերցնենք օրենքով սահմանված նվազագույն թիվը եւ գումարենք մնացած 54 կուսակցությունների անդամների թվին, ապա կստացվի, որ Հայաստանում նախորդ համապետական ընտրությունների ժամանակ կար մոտ 1 միլիոն 100 հազար կուսակցական: Նույն ժամանակ երկրում կար 2 միլիոն 312 հազար ընտրող: Սա նշանակում է, որ Հայաստանի յուրաքանչյուր երկրորդ չափահաս մարդը կուսակցական է: Նրանք էլ, եթե գոնե մեկ համակիր ճարեն, կստացվի, որ Հայաստանը միակ երկիրն է, որ չունի քաղաքական կողմնորոշում չունեցող բնակիչ: Դեռ մի բան էլ ավելի: Հայաստանում բացի կուսակցություններից, կա մոտ 5 հազար հասարակական կազմակերպություն, որոնք եւս ունեն կուսակցություններից ոչ պակաս անդամներ: Նրանք եւս կայացվածության խնդիր ունեն եւ առավել լավ դաշտ, քան իշխող կուսակցությունների փեշի տակ մտնելն է, չկա: Ու մտնում են...

«Սյունյաց արծիվներ» եւ «Հայդուկ» կազմակերպությունները վերջերս հայտարարեցին, թե գործում են Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ «վիզ դրած» աշխատելու են նրա համար: «Սյունյաց արծիվները» հայտարարում են 20 հազար անդամ ունենալու մասին, «Հայդուկը»` 30 հազարի: Եթե մյուս հինգ հազար կազմակերպություններն ունենան 1000-ական անդամներ, չնայած վստահ ենք, որ հարցման պարագայում յուրաքանչյուրը բազմահազար թվեր կցուցադրի, կստացվի, որ Հայաստանում կա հասարակական կազմակերպությունների հինգ միլիոն անդամ: Իհարկե, նրանց մի մասը միաժամանակ մեկից ավելի ՀԿ-ների անդամ կարող է լինել:

Այս դեպքում եւս, ստացվում է, որ Հայաստանում հասարակական-քաղաքական գործունեություն են ծավալում բոլորը` անկախ տարիքից, սոցիալական խմբից, անգամ` դեռ չծնվածներն ու զբոսաշրջիկները, քանի որ կուսակցականների ու կազմակերպությունների անդամների թիվը շատ ավելի է, քան Հայաստանի բնակչությունն է, տարեկան գրանցվող ծնունդներն ու ամեն տարի մեր երկիր մտնող զբոսաշրջիկների թիվը միասին վերցրած: 2001 թվականի մարդահամարի տվյալներով` Հայաստանում կա 778.578 տնային տնտեսություն: Յուրաքանչյուր ընտանիք, փաստորեն, իրենից ներկայացնում է մի ողջ քաղաքական համակարգ` կազմված տարբեր կուսակցություններից ու հասարակական կազմակերպություններից:

Սուրեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ