կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-08 12:12
Առանց Կատեգորիա

Իրենց ընտրությունը

Իրենց ընտրությունը

ՀՀԿ քարոզչամեքենան, որ անդուլ գործում է` ուղենիշ ունենալով Ս. Սարգսյանի վերընտրությունը նախագահի պաշտոնում, թերևս ինքն էլ չնկատելով, հայտնվել է ինքնահակասման մի ընթացքի մեջ, որը թե՛ տարօրինակ է, թե՛ նաև (կամ գուցե առավել) հեգնելի:

 

Հատկապես վերջին շրջանում ՀՀԿ-ական տարբեր գործիչներ ստեպ-ստեպ հանդես են գալիս հայտարարություններով, որոնց նպատակը հանրությանը համոզելն է, թե` եթե ցանկանում եք առաջիկա հինգ տարիների ընթացքում ունենալ հանրության վստահությունը վայելող, միջազգային ատյաններում ուժեղ և ինքնավստահ նախագահ, ուրեմն անհրաժեշտ է, որ առաջիկա նախագահական ընտրություններում նրան ապահովեք այնպիսի անվերապահ աջակցությամբ, որ որևէ մեկի մտքով չանցնի կասկածել նախագահի ժողովրդականության և հասարակության բոլոր շերտերի կողմից համընդհանուր ընդունելիության վրա: ՀՀԿ-ականների այս գերնպատակը որդեգրել են նախագահին սատարող շատ քաղաքական ու հասարակական կառույցներ. նրանք ջանում են Ս. Սարգսյանին տեսնել ոչ միայն համահայաստանյան, այլև համահայկական առաջնորդի կարգավիճակում, ինչը նախագահական ընտրություններում, բնականաբար, պետք է արտահայտվի վերջինիս ջախջախիչ հաղթանակով:

 

Գործող նախագահին նախագահական ընտրություններում սատարելու իր պատրաստակամության մասին հայտարարած Երկրապահ կամավորականների միությունը, օրինակ, ընդգծում է Ս. Սարգսյանի համազգային առաջնորդ լինելու կարևորությունը: «Ազգի հավաքական քվեն ունեցող նախագահն է, որ կարող է լինել ուժեղ և ազգանպաստ լուծում տալ բարդագույն խնդիրներին»,- նշված է ԵԿՄ որոշման մեջ: Ուշադրություն դարձնենք՝ «ազգի հավաքական քվեն»:

 

Հայկական սոցիոլոգիական միտքը նաև բացարձակ ստուգության միտող թվեր է հրապարակ նետում Ս. Սարգսյանի համար, օրինակ` 72 տոկոս, որը, սակայն, չնայած իր անհեթեթ մեծությանը, դարձյալ զիջում է համազգային առաջնորդի հավակնություններին:

 

Ս. Սարգսյանի համար հաղթանակի ահա այս «որակն» ապահովելու ձգտող քաղաքական ուժերն ու մանավանդ ՀՀԿ-ն, կարծես, մոռանում են, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, իսկ ժողովրդավարական երկրներում իշխանության թեկնածուն գրեթե երբեք չի հաղթում բացարձակ մեծ, ՀՀԿ-ական բառապաշարով՝ «ջախջախիչ» առավելությամբ: Եվրոպայի ժողովրդական կուսակցությանն անդամագրված ՀՀԿ-ի համար պարզապես զարմանալի պիտի լինի իր թեկնածուի հաղթանակը նույնիսկ 60-ը գերազանցող տոկոսներով, էլ ուր մնաց 70-80-90-ը, որովհետև այդ թվերից յուրաքանչյուրով ենթադրվում է երկրի քաղաքական կյանքում ընդդիմության ոչ միայն թուլությունը, այլև ընդդիմության չգոյությունը, քաղաքական դաշտի լիակատար ամլությունն ու ամայությունը: Իսկ դա երկրի ժողովրդավարության բարձր մակարդակի մասին չի խոսում: Հետևաբար, ՀՀԿ-ն և նրա արբանյակ ուժերն առաջիկայում ստիպված են ընտրություն կատարել` փետրվարին ունենալ կա՛մ ոչ այնքան համազգային, սակայն «ժողովրդավար», կա՛մ 80-90 տոկոսի ձգտող` «համազգային», բայց աշխարհին ամենևին էլ ոչ ժողովրդավար ներկայացող նախագահ: Ընտրությունը, ինչպես ասում են, իրենցն է: Թե՛ փոխաբերական, թե՛, մանավանդ, ուղղակի իմաստով:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ