կարևոր
967 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-04 10:50
Հասարակություն

ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, ազատ արձակել հայ գերիներին

ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, ազատ արձակել հայ գերիներին

ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների շուրջ 60 անդամներ միացել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի և սենատոր Էդ Մըրքիի նամակին՝ կոչ անելով ԱՄՆ իշխանություններին COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների, ապօրինի պատանդառության, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթման համար։

Մեկնաբանելով երկկուսակցական նամակը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Չենթարկելով Ադրբեջանին պատասխանատվության Արցախի ցեղասպանական էթնիկ զտումների համար՝ համաշխարհային առաջնորդները պարտավոր են օգտագործել COP 29-ը որպես հնարավորություն՝ ուսումնասիրելու Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը և դիմակայելու դրա ցեղասպան ռեժիմի ջանքերին՝ կանխելու իր պատերազմական հանցագործություններն ու վայրագությունները: Մենք արձագանքում ենք երկկուսակցական նամակում առաջ բերված պատասխանատվության կոչին և միանում վաթսուն օրենսդիրներին, ովքեր ստորագրել են այդ կոչը` պահանջելով, որ Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի, որպեսզի Ալիևի հանցավոր և կոռումպացված ռեժիմը ստիպված լինի ապահովել մարդու իրավունքներն ու միջազգային իրավական պարտավորությունները՝ մինչև COP 29 կլիմայական գագաթնաժողովը»։

Հոկտեմբերի 3-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում ԱՄՆ սենատորներն ու ներկայացուցիչները մասնավորապես նշել են. «Քանի որ COP 29-ը մոտենում է, մենք պահանջում ենք, որպեսզի պետքարտուղարությունը ճնշում գործադրի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի կառավարության վրա, որպեսզի շոշափելի միջոցներ ձեռնարկվի տարածաշրջանային խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային օրենքներին և նորմերին հավատարմության պահպանման գործում»: Նրանք ընդգծել են՝ «չնայած ճնշող ապացույցներին և միջազգային դատապարտմանը՝ Ադրբեջանը, էթնիկ զտումների և այլ գործողությունների համար, չի բախվել բովանդակային հետևանքների»:

Ամերիկյան օրենսդիրները պետդեպարտամենտին կոչ են անում նաև պահանջել բոլոր քաղբանտարկյալների, պատանդների և ռազմագերիների՝ ներառյալ էթնիկ հայերի, անհապաղ և անվերապահ ազատ արձակում՝ COP29-ին ընդառաջ բարենպաստ դիվանագիտական միջավայր ունենալու համար։

ԱՄՆ սենատորներն ու ներկայացուցիչները հաստատել են՝ «Ադրբեջանի մահաբեր հարձակումը Լեռնային Ղարաբաղում 2020 թ․, Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակումը և 2023 թ․ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի տեղահանությունը բացահայտորեն խախտում են միջազգային իրավունքը և շարունակում մարդկային տառապանքը։ Նրանք շեշտում են. «Տեղահանված քաղաքացիական անձինք պետք է ապահով և անվտանգ վերադարձի իրավունք ունենան»:

Նամակի տեքստն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://anca.org/assets/pdf/100324_PalloneMarkey_COP29.pdf

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը խորապես համոզված է՝ COP 29-ի գագաթնաժողովն աննախադեպ հնարավորություն է ընձեռում՝ ուսումնասիրելու Ադրբեջանի մարդու իրավունքների վիճակը, խրախուսելու պատասխանատվությունը ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարման համար, ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա՝ բարեխղճորեն վերադառնալու բանակցությունների սեղան, երաշխավորելու ռազմագերիների ազատ արձակումը։ Այդ ճնշումը կարող է նպաստել նաև Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությունը, տեղահանված հայերի՝ իրենց տները վերադառնալու հիմնարար իրավունքի իրացմանը:

 

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

04 / 10 / 2024թ