կարևոր
1297 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-04 14:09
Հասարակություն

«Կինոմոսկվան» վերաբացվեց՝ սկսելով նոր մշակութային դարաշրջան

«Կինոմոսկվան» վերաբացվեց՝ սկսելով նոր մշակութային դարաշրջան

«Մոսկվա» կինոթատրոնը վերաբացվել է նոր բրենդով՝ «Կինոմոսկվա», ինչը խորհրդանշում է Երևանի մշակութային կարևոր կենտրոնի նոր դարաշրջանը:

Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում ցուցադրվեց տարվա ամենասպասված ֆիլմերից մեկը՝ «Ջոկեր. խելագարություն երկուսի համար» ֆիլմի բացառիկ փակ նախադիտումը։ Միջոցառմանը նախորդեցին երաժշտական կատարումներ և մի հատուկ ֆիլմ՝ նվիրված կինոթատրոնի վերաբացմանը, իսկ երեկոն եզրափակվեց հյուրասիրությամբ: Վերաբացման շրջանակում կինոթատրոնը հիմնանորոգվել և վերազինվել է գերժամանակակից սարքավորումներով: Բոլոր դահլիճները համալրվել են նոր տեխնոլոգիաներով, ներառյալ 4K լազերային պրոյեկցիայի սարքավորումները և բրիտանական Harkness Screens ընկերության հատուկ էկրանները, որոնք ապահովում են գույնի պայծառություն և լուսային հավասարաչափ բաշխում՝ դարձնելով ցանկացած տեղից դիտումը հստակ և վառ: Հիմնովին բարեկարգվել են սրահները, սանհանգույցները, օդափոխության և ջեռուցման համակարգերը, ինչը համապատասխանեցնում է կինոթատրոնը միջազգային բարձր չափանիշներին:

«Կինոմոսկվայի» արտաքին հարդարման աշխատանքները կատարվել են պատմամշակութային հուշարձանի ինքնատիպությունը խստորեն պահպանելու սկզբունքով՝ ապահովելով կինոթատրոնի պատմական և արդիական տեսքի ներդաշնակությունը։ 

«Կինոմոսկվա» կինոթատրոնը հպարտորեն ներկայացնում է իր նոր բրենդինգը, որը միավորում է պատմությունը, մշակույթն ու ժամանակակից դիզայնը: Նոր տարբերանշանը պատկերում է կինոթատրոնի պատմական շենքը վերևից՝ իր յուրահատուկ ճարտարապետությամբ, որը զուգադիպաբար հիշեցնում է լատիներեն «M» տառը: Սա ոչ միայն ընդգծում է շենքի բացառիկությունը, այլև կինոթատրոնի կարևոր դիրքը Երևանի քաղաքային լանդշաֆտում՝ որպես մշակութային կենտրոն սերունդների համար:

Կինոթատրոնը վերազինվել է Dolby CP950 նորագույն ձայնային պրոցեսորներով, որոնք աջակցում են նաև Atmos տեխնոլոգիաներին: Luis Wassman-ի ձայնային համակարգը հավասարաչափ տարածում է ձայնը ամբողջ դահլիճում՝ ստեղծելով բարձրորակ լսողական փորձ և մեծացնելով կինոդիտման տպավորությունը։

Նորացված անվանումով՝ «Կինոմոսկվա», կինոթատրոնը պաշտոնապես ընդունում է այն անունը, որով արդեն երկար տարիներ իրենց կոչում էին այցելուները։ Նոր կարգախոսը՝ «Արի կինոյի աշխարհ», հրավեր է բոլորին՝ վերագտնելու կինոյի կախարդական աշխարհն ու այն մշակութային ժառանգությունը, որը երկար տարիներ կապված է այս վայրի հետ:

 «Կինոմոսկվան» սիրով սպասում է այցելուներին՝ համատեղ շարունակելու մշակութային ճանապարհորդությունը, միավորելով անցյալն ու ներկան։

 

Սյուզի Դավթյան