կարևոր
751 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-04 16:17
Աշխարհ

Էրդողանը՝ Իրանի և Իսրայելի միջև

Էրդողանը՝ Իրանի և Իսրայելի միջև

Էրդողանը, ելույթ ունենալով ազգային մեծ ժողովում, հայտարարել է՝ «Գազայի հատվածում եւ Լիբանանում իրականացվող գործողություններից հետո Իսրայելի թիրախը դառնալու է Թուրքիան»: «Բացահայտ ասում եմ՝ Պաղեստինից եւ Լիբանանից հետո մեր հայրենիքի հողերը կդառնան այն վայրը, որին իր հայացքն ուղղելու է Ավետյաց երկրի պատրանքով գործող իսրայելական վարչակազմը», - ընդգծել է Թուրքիայի առաջնորդը:

Որքանո՞վ է իրական Մերձավոր Արեւելքում իրադարձությունների զարգացման նման սցենարը։ Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը:

«Մեկնաբանելով Էրդողանի այս հայտարարությունը՝ կառավարությանը մոտ կանգնած թուրքական Sabah պարբերականը հստակեցնում է դիրքորոշումը՝ նշելով, որ խոսքը ոչ թե Թուրքիայի վրա Իսրայելի ուղղակի հարձակման մասին է, այլ Թուրքիայի կողմից «ահաբեկչական հայտարարված քրդական կազմակերպությունների օտար ձեռքերով» Անկարայի դեմ փորձերի մասին: Այս առնչությամբ պարբերկանը մատնանշում է նաեւ Էրդողանի հայտարարությունը, որում նա ՀԱՄԱՍ-ին բնորոշում է որպես «դիմադրության կազմակերպություն, որը պաշտպանում է ոչ միայն Պաղեստինը, այլեւ Թուրքիան»: Նրա խոսքով՝ «Իսրայելը Գազայում հարձակվում է ոչ միայն պաղեստինցիների, այլեւ մեզ վրա»։ Եթե հետեւենք նման տրամաբանությանը՝ ապա Թուրքիան, առաջին հերթին, չհայտարարված պատերազմի մեջ է Իսրայելի հետ։

Երկրորդ՝ իրադարձությունների վրա քրդական գործոնի ազդեցությունը չեզոքացնելու նպատակով Անկարան պետք է ձգտի համաձայնության հասնել Դամասկոսի հետ՝ Սիրիայի դեմ հնարավոր իսրայելական հարձակումը զսպելու համար:

Երրորդ՝ Թուրքիայի գործողությւններն այս ուղղությամբ կարող են ունենալ ընդամենը մարտավարական բնույթ, քանի որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը պաղեստինյան հարցի գլոբալ տարածաշրջանային արշավը բարդել են Իրանի, այլ ոչ թե Թուրքիայի կամ արաբական երկրների վրա: Ընդ որում, եթե Իրանը ձեռնպահ մնար Իսրայելին «վրեժխնդրության հարվածից», Լիբանանում հանձներ «Հըզբոլլահին», ապա հնարավորություն կլիներ տարածաշրջանում իր ստեղծած աշխարհաքաղաքական վակուումը լցնել թուրքական ազդեցությամբ», - նշել է Տարասովը:

«Բայց Իրանը հարձակվեց Իսրայելի վրա՝ ցույց տալով լուրջ գործղությունների պատրաստակամություն: Դա կաշկանդում է Թուրքիայի՝ հակամարտությանը անմիջական մասնակցություն ունենալու հնարավորությունները, թեեւ սկզբունքորեն նա կարող էր դաշինք կազմել Դամասկոսի հետ եւ Աստանայի գործընթացի իր գործընկերների հետ միասին մաքրել Արեւելյան Եփրատը քուրդ անջատողականներից, որոնք տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի գլխավոր դաշնակիցներն են, եւ մաքրել Իդլիբն իր ռազմական ներկայւթյունից, ինչը Իսրայելին կզրկեր քրդական «խաղաքարտ» խաղալու հնարավորությունից։

Բայց նման բան տեղի չի ունենում այն պատճառով, որ Իրաքում եւ Սիրիայում զինված խմբավորումներն Իրանի կողմից ուղղված են «Հըզբոլլահի» աջակցությանը: Ահա թե ինչու Էրդողանի գործողությունները հակասական բնույթ են կրումՄի կողմից նա հայտարարում է՝ դիմակայելու է Թել Ավիվին «բոլոր հնարավոր միջոցներով»: Մյուս կողմից՝ հրաժարվում է դադարեցնել Թուրքիայի տարածքով Իսրայել էներգառեսուրսների եւ այլ ապրանքների մատակարարումը: Սրանք կոնկրետ գործեր են: Մնացածը միայն հռետորբանության տարրերով բառեր են: Եթե Անկարան ցանկանար օգնել Իսրայելի հակառակորդներին, ապա վաղուց դա կաներ։ Այժմ նա շահագրգռված չէ Իսրայելի հետ ուղիղ հակամարտությամբ», - ամփոփել է Տարասովը:

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի