կարևոր
583 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-04 10:23
Հասարակություն

Ի՞նչ է հայտարարագրել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և այլ յուղալի գործերով դատավոր, ՔՊ-ական Սարգիս Պետրոսյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ է հայտարարագրել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և այլ յուղալի գործերով դատավոր, ՔՊ-ական Սարգիս Պետրոսյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Ամենայուղալի դատական գործերը մակագրվել են ՔՊ-ական նախկին պատգամավորի թեկնածուին, որը հակակոռուպցիոն դատարանի դատավոր է։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործը մակագրվել է դատավոր Սարգիս Ռաֆիկի Պետրոսյանին:

Պետրոսյանը 2018 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Շիրակի մարզից. այսինքն՝ ՔՊ-ական Է եղել։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է դատավորի ունեցվածքը եւ նկատել, որ 2011 թվականին ժառանգությամբ Պետրոսյանին է փոխանցվել 3 անշարժ գույք՝ 2 հողամաս եւ 1 Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված եւ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված շինություն Շիրակի մարզի Արթիկ համայնքում։ Եվս մեկ հողամաս նույն տարում դատավորը գնել է։

2019 թվականին դատավոր Պետրոսյանը ձեռք է բերել 2010 թվականի արտադրության MITSUBISHI մակնիշի մեքենա։

2023 թվականի հաշվետու տարվա վերջին դատավորի կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 հազար դոլար, 17 մլն դրամ եւ 1,5 մլն դրամ։

Դատավորի՝ 2023 թվականի հաշվետու տարվա եկամուտը ՀՀ դատախազությունից կազմել է 9 մլն 239 հազար դրամ։

2022 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի համաձայն՝ Սարգիս Պետրոսյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 33 մլն դրամ, որից գրեթե 26 մլն դրամը վարկ է։

«Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» բաժնից հասկանում ենք, որ Պետրոսյանը ձեռք է բերել հիփոթեքով բնակարան, որի մայր գումարի մնացորդը կազմել է 25 մլն դրամ։

2022 թվականին բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար ՀՀ ֆինանսների նախարարությունից եկամտահարկի վերադարձի օրենքով ստացել է 433 հազար դրամ, սակայն 2023 թվականին որեւէ գումար չի ստացել»։