կարևոր
3907 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-02 16:50
Քաղաքական

ՀՅԴ-ի ընտրությունը հստակ է, վերջնական է․ ազատություն կամ մահ․ Սարգիս Մկրտչյան

Այսօր հավաքվել ենք, որպեսզի վկա լինենք ՀՅԴ շարքերը համալրող 60 ընկերների երդման արարողությանը։ Սուրբ վայր, որտեղ մեր նախնիները կենաց ու մահվան պայքար մղելով՝ կերտել են Հայաստանի սահմանները։ Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում ասաց ՀՅԴ անդամ Սարգիս Մկրտչյանը։

«1918թ․ հայ ազգը, ՀՅԴ ղեկավարությամբ դուրս եկավ ոսոխ թուրքի դեմ, թոթափեց լուծը և կերտեց իր անկախ պետականությունը։ Այսօր Հայաստանի  վերանկախացումից 30 տարի անց կրկին կանգնած ենք անկախ պետականություն ունենալու, թե ստրուկի պես մեր գոյությունը քաշ տալու ընտրության առջև։ Դա մեզ պարտադրեցին, որովհետև հայի թույլ և վախկոտ տեսակի մեջ հարմարվողականության սերմեր աճեցնելով, նրանց իշխանության բերելով տասնամյակներ շարունակ խամաճիկներ պատրաստեցին ու ստեղծեցին այն  ենթահողը՝ իբր Հայաստանը իր գոյությունը պահպանեու համար չունի այլ ելք, այլ հայրենիքի մի կտոր մի այլ կտորի ետևից թշնամուն զիջելը։ Ինչպես ասում էր Դաշնակցության Բյուրոյի անդամ ընկեր Սարգիս Զեյթլյանը միջազգային հարաբերությունները ղեկավարվում են իբրև զսպանակ ունենալով ուժի իրավունքը և ոչ երբեք իրավունքի ուժը»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի հետ խոսում են ուժի, իրավունքի դիրքերից․

«ՀՅԴ-ի ընտրությունը հստակ է, նոր չէ, վերջնական է, ազատություն կամ՝ մահ։ Սա այն կուսակցության կարգախոսն է, որին դուք անդամագրվում եք։ Դուք ՀՅԴ-ին զինվորագրվում եք այն պայմաններում, որ Հայաստանում, թե՝ Հայաստանից դուրս մոլեգնում է դաշնակցական պայքարը, պայքարում են դաշնակցության դեմ, որովհետև դաշնակցությունը ազգային է, դաշնակությունը ինչպես որևէ ազգային կուսակցություն պատրաստ է պաշտպանել իր ազգի շահերը։ Դաշնակուցությունը պատրաստ է իր լավագույն  տղաներին զոհել ի շահ Հայաստանի և հայության ազատության դատին և ոսոխը դրանից սարսափում է։ Սարսափում են հայության թշնամիների հովանավորները, սարսափում են հայ օտարամոլները։ Չի ներվում դաշնակցության հայրենասիրությունը, իսկ օտարների ծավալապաշտական նկրտումները ներվում են, չի ներվում դաշնակցության արդարամտությունը, բայց ներվում  են Հայաստանում և Հայաստանից դուրս ուժի իրավունքի կիրառումը։ Դաշնակցությունը ամենաժողովրդավարական կուսակցությունն է, և պետք չէ մեզ ժողովրդավարության դաս տալ։ Նրանք, ովքեր ծանոթ չեն Դաշնակցության կանոնագրին, ընկերների ու մարմինների փոխհարաբերությունների ձևին, խորհրդավոր բաներ են հյուսում Դաշնակցության վերաբերյալ։ ՀՅԴ-ն ունի մեկ ու միասնական կանոնագիր, հաստատված ընդանուր ժողովի կողմից։ Եթե չլինեն հստակ կանոններ՝ կլինի խառնաշփոթ։ Դաշնակցության խստապահանջությունը պետք  չէ շփոթել ժողովրդավարության բացակայության հետ», - ասաց նա։