կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-27 14:26
Հասարակություն

Փաստաբանական ոլորտում հարկային ստվեր կա

Փաստաբանական ոլորտում հարկային ստվեր կա

Ըստ ՀՀ արդարադատության նախարարության ոլորտի հարկային պարտավորությունների կատարման և տնտեսական աճի ներուժի մասին հաշվետվության, որն այսօր կառավարությանը ներկայացրեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, նոտարիատի ոլորտի բարեփոխումների հաստատման, մասնավորապես` անշարժ գույքի գործարքների բացառապես նոտարական կարգի սահմանման, և նոտարական սակագների՝ գործարքի գնից տոկոսի սահմանմամբ (մոտ 0.5-2 տոկոս՝ կախված գույքի գնից) հնարավոր կլինի զգալիորեն ավելացնել նոտարների կողմից պետական բյուջե վճարվող եկամտահարկի գումարը, ինչպես նաև ապահովել զգալի տնտեսական աճ (նախնական հաշվարկներով 15-20 տոկոսի շրջանակներում):

 

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ մեկ պատուհանի սկզբունքը նոտարի մոտ կիրառելու դեպքում քաղաքացիների կողմից վճարվող գների իրական փոփոխություն չի լինի, քանի որ փաստաթղթերի հավաքման և պայմանագրի պատրաստման համար, որպես կանոն, քաղաքացիները վճարում են անշարժ գույքի գործակալներին կամ այլ միջնորդներին, և հաճախ այդ գումարները մնում են ստվերում: Միևնույն ժամանակ, հարկային վարչարարության գործընթացի արդյունավետությունն ավելացնելու համար, առաջարկվում է ամբողջությամբ վերանայել նոտարների հարկման ռեժիմը` նոտարական գործունեությունն ամբողջությամբ ազատել ԱԱՀ-ից անկախ շրջանառության ծավալներից (քանի որ իրականացվում է հանրային գործառույթ և նոտարներն արդեն իսկ գանձում են պետական տուրք, որը վճարվում է տեղական բյուջե), սահմանել ուղղակի հարկերի հարկման միասնական ռեժիմ՝ անկախ շրջանառության ծավալներից` կա'մ ընդհանուր եկամտահարկի վճարման պահանջ, կա'մ հաստատված շրջանառության հարկ (10 տոկոսի շրջանակներում):

 

Հրայր Թովմասյանը կառավարությանը զեկուցեց նաեւ, որ փաստաբանական ոլորտում դեռևս զգալի է հարկային ստվերը: Անհրաժեշտ է իրականացնել հետազոտություններ՝ մոտավորապես գնահատելու հատվածի ստվերայնությունը: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել ոլորտի զգայունությունը և հնարավոր քաղաքական ու իրավական շահարկումները, եթե ոլորտը միանգամից ենթարկվի զգալի հարկային ճնշման /խիստ հարկային վարչարարության/:

 

Այս համատեքստում առաջարկվում է որոշակիորեն վերանայել փաստաբանների հարկային ռեժիմը. Փաստաբանական (իրավախորհրդատվական) գործունեությունն ամբողջությամբ ազատել ԱԱՀ-ից (անկախ շրջանառության ծավալներից), քանի որ փաստաբաններն իրականացնում են հանրային՝ անձանց իրավունքների պաշտպանության, և արդարադատության իրականացմանն աջակցելու, գործառույթ: Նշված մոտեցումը կիրառվում է մի շարք եվրոպական մայրցամաքային պետություններում: Առաջարկվում է հստակեցնել Փաստաբանական գործունեության շահութահարկով կամ եկամտահարկով հարկելու հարցը, սահմանելով միասնական ռեժիմ, անկախ շրջանառության ծավալներից:

 

Նշված ռեժիմը կարող է առնվազն տարածվել անհատ փաստաբանների վրա (որպես Ա/Ձ հաշվառված), ինչպես նաև զուտ փաստաբանական / իրավախորհրդատվական գործունեություն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ, սահմանելով, օրինակ, մինչև երեք-չորս տոկոս շրջանառության հարկ: Նշված գործընթացին զուգահեռ առաջարկվում է CAST2 համակարգում (դատարանների էլեկտրոնային կառավարության համակարգ) հավաքագրվող տվյալների հետ մեկտեղ ավելացնել դաշտ և հավաքագրել նաև որպես դատական ծախս պահանջվող գումարների չափերը, և ստացված միջինացված տվյալներն օգտագործել նաև ողջամիտ դատական ծախսերը փոխհատուցելու համար:

 

Արդյունքում` վերլուծելով տվյալները, հնարավոր կլինի նախ պարզել այն դեպքերը, երբ ներկայացվել են պայմանագրեր, այնպես էլ տվյալների կորելացիան: Նշված կառուցակարգը նաև հիմք կհանդիսանա նրա համար, որպեսզի փաստաբանական պալատի շրջանակներում նաև առաջանած հետաքրքրություն՝ համոզել կամ «ստիպել» իրենց գործընկերներին ճիշտ ներկայացնել դատական ծախսերը, և հետևաբար նաև դուրս գալ ստվերից: