Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բոլոր հարցերի լուծումները քաղաքական դաշտում են, բայց մեր ժամանակներում քաղաքացիական ու քաղաքական պայքարը չեն կարող իրարից առանձին լինել, որովհետև խնդիրը և' քաղաքական է, և' քաղաքացիական. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ուրվագիծ» հեղինակային հաղորդաշարի հաղորդավար Պետրոս Ղազարյանը` խոսելով հունվարի 18-ին Ազատության հրապարակում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ուղղված հանրահավաքի մասին:
Նրա խոսքով` իշխանության ոճը, որ «մենք ուժեղ ենք, մենք ինչ ուզենանք կանենք», անընդունելի է: Եվ նույնիսկ աշխարհի ամենալավ արդյունքները գրանցած կառավարությունները նման ցավոտ բարեփոխումների ժամանակ քննարկումների են գնում հասարակության հետ, հաշվի են առնում ընդդիմության առաջարկները, բայց կառավարությունը մերժողականություն է դրսևորում մի որոշման հարցով, որը վերաբերելու է երկարաժամկետ խնդիրների: Ըստ Պետրոս Ղազարյանի` իշխանություններն ամեն կերպ փորձեցին նսեմացնել հանրահավաքը` տարածելով հիմարություններ ՁԻԱՀ-ով վարակված ասեղների մասին:
«Էնքան բան է բարդվել ապագա սերնդի վրա, որ չի կարելի այդքան անպատասխանատու լինել: Շատերն ասում են, որ հանրահավաքին մասնակցելն էլ չի օգնի, բայց երբ մարդը գնում է հանրահավաքի, ինքն է փոխվում, ինչը երաշխիք է, որ երկիրն էլ կփոխվի: Քանի դեռ մարդիկ չեն գիտակցել, որ առանց դուրս գալու, առանց պայքարելու, իրենց բանի տեղ չեն դնելու, ոչինչ էլ չի փոխվի»,- ասաց Պետրոս Ղազարյանը: Ըստ նրա` իշխանությունները շատ հաճախ են բարձրացնում հանրահավաքների մարդաշատության հարցը, բայց մոռանում են, որ տնտեսության կեսը գործում է ստվերում, և մարդիկ իրենց աշխատավարձը «սև»-ով են ստանում, ահա` ինչու այդ մարդիկ չեն մասնակցել հանրահավաքին:
Ղազարյանը համարում է, որ աբսուրդ է 50 տոկոս ստվեր ունեցող պետությունում նման ռեֆորմ իրականացնելը:
Ինչ վերաբերում է քաղաքացիական նախաձեռնության շուրջ 4 քաղաքական ուժերի միասնական հանդես գալուն, Պետրոս Ղազարյանը կարծիք հայտնեց, որ եթե ինչ-որ բան երկրում շատ վատ է, ու կա նպատակ, ապա էլ չես նայում` կհաջողես, թե` ոչ, դու պետք է այն անես, որովհետև էլ չես կարող դա չանել: «Հիմա 4 ուժերի հետագա գործողությունները ցույց կտա ժամանակը: Կմիավորվեն` լավ, չեն միավորվի` իրենց խնդիրն է: Բայց 2018-ի համար պետք է նախապատրաստվել այսօրվանից»,- ասաց նա: