կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-12 17:10
Մշակույթ

Հեքիաթից` ստվեր` ″Կորիզ″ ծրագրում

Հեքիաթից` ստվեր` ″Կորիզ″ ծրագրում

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կանցկացվի նաեւ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթը:

 

Լրագրողների հետ զրույցում ռեժիսոր Մարտին Գուգիսբերգը նշեց, որ կինոփառատոնին մասնակցում է իր «Բաումանները» ֆիլմով:

 

Ըստ Գուգիսբերգի` 18 րոպեանոց կարճամետրաժ ֆիլմը Բաումանների ընտանիքի մասին է, այն ցույց է տալիս, թե ինչ խնդիրներ կարող ես ունենալ հարեւաններիդ հետ: «Ֆիլմը սոցիալական կատակերգություն է: Հարեւանների հետ կապված խնդիրները բոլորին են վերաբերում, քանի որ, երբ ֆիլմս ցուցադրվում էր Ճապոնիայում, հանդիսատեսներից մեկն ասաց, որ ֆիլմը, կարծես, իր եւ իր հարեւանի մասին լինի»,- նշեց ռեժիսորը:

 

Կինոռեժիսոր Մարիո Գարեֆոյի «Իր ստվերը կերակրող մարդը» ֆիլմը, որը նույնպես ընդգրկված է փառատոնի «Կորիզ» ծրագրում, ըստ ռեժիսորի օգնական Ֆոտինի Ջորջիատիի, երկատված մարդու մասին է, որը միաժամանակ կարող է ընտանիքի թե՛ հայրը եւ թե՛ մայրը լինել:

 

«Ֆիլմի հերոսը, ով անընդմեջ հրավիրվում է հարուստ մարդկանց կողմից կազմակերպվող ցերեկույթների, կարողանում է իր ստվերի խաղի միջոցով սնունդ ձեռք բերել իր ընտանիքի համար, սակայն ամեն անգամ նրան դուրս են շպրտում: Ֆիլմը կարող է ուժ հաղորդել այն մարդուն, ով ներքուստ կիսված է երկու մասի»,- ասաց Ջորջիատին` հավելելով, որ ֆիլմը տպավորություն է գործում բոլոր նրանց վրա, ովքեր կարողանում են հոգ տանել ինչ-որ մեկի համար:

 

«Կորիզում» առաջադրված` Անդրանիկ Հարությունյանի «Հեքիաթ» ֆիլմը ռեժիսորի երկրորդ կուրսային աշխատանքն է: Ըստ Հարությունյանի` ֆիլմը պատմում է մի տարեց կնոջ մասին, որն իր կյանքի վերջին տարիներին հեքիաթ է խնդրում տիկնիկից` իր կյանքի վերջին հեքիաթը:

 

Հարությունյանի հավաստմամբ` ֆիլմի սցենարի նախահիմք է դարձել այն, որ մի օր ինքը նկատել է, թե ինչպես է իր տատը զրուցում իր քրոջ աղջկա տիկինիկների հետ:

 

«Սկզբում, երբ սցենարը կարդում էի ինչ-որ մեկի մոտ, ոչ ոք չէր հավանում, քանի որ չէին պատկերացնում, թե ինչ կարող է դրանից դուրս գալ: Հասկացա, որ գաղափարդ իրականացնելու համար պետք է հենվես միայն ինքդ քեզ վրա: Այդպես էլ եղավ. երեկոները ծաղիկ էի վաճառում եւ վաստակած գումարով խաղալիքներ գնում, որ ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսեմ»,- ասում է ռեժիսորը` հավելելով, որ յուրաքանչյուրիս մոտ էլ գալու է մի շրջան, երբ հեքիաթ ենք ուզելու մեր կյանքից: