կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-14 15:12
Արցախ

Անընդունելի ենք համարում ռուս խաղաղապահների գործունեության վրա ստվեր գցելու ցանկացած փորձ. Արցախի ԱԳՆ

Անընդունելի ենք համարում ռուս խաղաղապահների գործունեության վրա ստվեր գցելու ցանկացած փորձ. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն հայտարարությամբ է հանդես եկել։

«Մի շարք լրատվամիջոցներին վերջերս տված հարցազրույցում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլյամ Ալիևը, անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին, կրկին օգտագործել է հայատյաց, ապակառուցողական, ծավալապաշտական բառապաշար և գաղափարներ՝ հնչեցնելով դրանց համապատասխանող ծրագրեր ու նպատակներ։

Նման քաղաքականությունը միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի և ձեռք բերված պայմանավորվածությունների կոպտագույն խախտում է։ Այն նպատակ ունի տորպեդացնելու խաղաղության հաստատման ու կայունության պահպանման նախաձեռնություններն ու ապամոնտաժելու գոյություն ունեցող ձևաչափերը։

Ադրբեջանի ղեկավարը հատուկ թիրախավորել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահող երկրներից մեկի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելությանը՝ անհեթեթ մեղադրանքներ հնչեցնելով նրանց գործունեության դեմ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր կողմերի միջև համաձայնեցված միակ ձևաչափը։

Մենք բարձր ենք գնահատում ռուս խաղաղապահ զորակազմի առաքելությունն Արցախում և անընդունելի համարում նրանց գործունեության վրա ստվեր գցելու ցանկացած փորձ։

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ը խստիվ դատապարտում է Ադրբեջանի պահվածքը՝ համոզված լինելով, որ պետական մակարդակով իրականացվող այսպիսի քաղաքականությունը պետք է արժանանա համապատասխան գնահատականի նաև միջազգային հանրության կողմից», - նշված է հայտարարությունում։