Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սիրված դերասան Կարեն Ջանիբեկյանի ստեղծագործական կյանքի 13 տարվա լռությունը խախտեց դերասանի կինը` դրամատուրգ Լիանա Անթառանյանը: Մինչեւ Անթառանյանին հանդիպելը` Ջանիբեկյանը նեղացել էր աշխարհից եւ գնացել Գառնի, որտեղ էլ ապրում էր իր մեծ շան հետ, սակայն Անթառանյանը, տեսնելով դերասանին այդ վիճակում, երդվում է նրան բեմ եւ լիարժեք կյանք վերադարձնել եւ երբեք միայնակ չթողնել:
-Պարո'ն Ջանիբեկյան, պատճառը ո՞րն էր Ձեր մենության, եւ կարելի՞ է ասել, որ Անթառանյանը Ձեզ կրկին կյանք վերադարձրեց:
-Բոլոր հնարավորություններն ունեի անելու այն, ինչ չարեցի վերջին 10-15 տարիների ընթացքում: Չարեցի, շատերը չուզեցին ու չթողեցին: Ես էլ էի մեղավոր` իմ ընտանեկան վիճակը լավ չէր, թատրոնում վիճակը լավ չէր, աշխարհում վիճակը լավ չէր: Թվում էր` ինձ ոչ ոք չի հասկանում: Որոշեցի արեւի ու շանս հետ մենակ մնալ. շունս էր ինձ ապրեցնում, մինչեւ հայտնվեց Լիանան: Նա եկավ ու ասաց, թե` Դուք իրավունք չունեք հեռանալ ժողովրդից, չէ՞ որ Դուք Ձեզ չեք պատկանում: Ասացի` այ աղջիկ ջան, ինձ ո՞վ է հիշում: Ինքն էլ, թե` եկեք գնանք Աբովյան փողոցով քայլենք, եթե տեսնենք, որ մարդիկ Ձեզ չեն նկատում եւ հիշում, ուրեմն` ճիշտ եք: Գնացինք մի սրճարան, եւ ոնց որ կապկանոցում լինեինք, մարդիկ գալիս-նայում էին: Ես հասկացա` ժողովուրդը ոչ միայն ինձ հիշում էր, այլեւ սպասում: Ես շնորհակալ եմ Լիանային, որ ինձ այդ վիճակից հանեց եւ ստեղծագործական կյանք պարգեւեց: Այն, ինչի մասին չէին մտածել նախորդները: Լիանայի հետ կյանքս կապելու առիթով մեծ տղաս ասաց` Աստված քեզ պարգեւել է: Կարծում եմ` սա խոսում է ամեն ինչի մասին:
-Տիկի'ն Անթառանյան, իսկ Ձեր կյանքում ի՞նչ շրջան էր, երբ հանդիպեցիք Կարեն Ջանիբեկյանին, եւ ի՞նչ փոխեց Ձեր կյանքում Ջանիբեկյանը:
-Երբ Կարենին տեսա, ես այս կյանքում ամեն ինչ ունեի, չնայած հիմա ես ավելին ունեմ: Իմ հա-ն հա է, չէ-ն չէ, եթե խոստանում եմ, անում եմ, նույնիսկ` կյանքի գնով: Ես խոստացել էի, որ հորս պետք է անմահացնեմ, բայց իմ երդումն անկատար էր մնացել. ես երդվել էի հորս մասին պիես գրել, եւ Կարենն ինձ օգնեց երդումս կատարել: Երբ ես Կարենին տեսա Գառնիում` իր այդ ապրելակերպով, ամաչեցի իմ եւ իմ ազգի համար: Ո՞նց կարելի էր նման մարդուն թողնել ինքնամեկուսի: Մենք բեմադրեցինք «Սարերում կյանք կա» ներկայացումը, եւ ես իրականացրի խոստումս: Ձեռք բերելով «Սարերում կյանք կա» ներկայացումը` ես կորցրի ամեն ինչ` նախկին ընտանիք, բիզնես, Մոսկվա տանող հետադարձ տոմսը:
-Դուք հիմնեցիք «ԳուրՋան» թատրոնը եւ այժմ արդեն նոր ներկայացում /«Վանա կատու»/ եք բեմադրում: Նախկին երկու ներկայացումների /«Սարերում կյանք կա», «Անառակ դստեր վերևադարձը»/թեմատիկ շարունակությո՞ւնն է:
Կարեն Ջանիբեկյան
-Չէ, սա ուրիշ պատմություն է: Երբ Լիանան գրում է, ես նստում եմ մեքենա, գնում գրասենյակ ու սկսում համակարգչային խաղերով զբաղվել այնքան ժամանակ, մինչեւ բժժում եմ: Դեռ չենք սկսել բեմադրել:
Լիանա Անթառանյան
- Կարելի է ասել` ավարտել եմ: Վերջաբանը չէի կարողանում գրել, բայց հետո ստացվեց: Եթե առաջին երկու գործերս կենցաղային դրամաներ էին եւ իմ կյանքի հետ կապ ունեին, սա, ինչպես Կարենն է ասում, «մատից ծծած» գործ է: Ինձ որ հարցնում են, թե ինչ փուլում է` պատասխանում եմ, որ մի հատ լավ լացեմ, կհասկանամ, որ արդեն պատրաստ է: Դեռեւս չեմ լացում, չնայած արդեն սրտխփոցներ կան:
-Ազգը պահողն ու ներկայացնողը մշակույթն է: Այդ դեպքում ինչի՞ համար է երկրում ստեղծված այս իրավիճակը, որը ոչ մի կապ չունի մշակույթի հետ:
Կարեն Ջանիբեկյան
- Ազգը ներկայացնում է մշակույթը: Ո՞վ է հայը, որտե՞ղ է Հայաստանը. Քարտեզի վրա մի փոքր կետ: Կարեւոր է աշխարհին ներկայացնել սպորտը, մշակույթը եւ գիտությունը: Բայց այսօր գիտության վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում:
Լիանա Անթառանյան
- Գիտության վրա, իրոք, ուշադրություն չի դարձվում: Ծնողներն իրենց երեխաներին ուղարկում են դրսում սովորելու, եւ նրանք արդեն հետ չեն վերադառնում: Հայը միշտ էլ դրսում լավ պատիվ ունի, եւ թե ինչո՞ւ են ներսում իրար ուտում, չեմ հասկանում:
Մանրամասները` տեսանյութում:
Հարցազրույցը` Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ