Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չենք կարող հանդուրժել, որ ձկնատեսակները վերանան, խոշոր եղջերավոր անասուններն անկում ապրեն. այսօր խորհրդարանում «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` Սևանի մասին հարցադրումներնուղղելով շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին. «Դուք պատասխանատվություն կրո՞ւմ եք այս վիճակի համար: Սրա կոնկրետ հասցեատերն ո՞վ է»:
ԲՀԿ-ական պատգամավորը նշեց նաև, որ ժամանակին Սևանի շուրջը եղել է կոլեկտոր, որպեսզի կոյուղաջրերը Սևան չգնան, բայց կասկածեց, թե արդյո՞ք դրա վերականգնման հարցը երբևիցե դրվել է քննարկման:
Նախարարը պատասխանեց, որ ինքն այս հարցում, իհարկե, պատասխանատվություն կրում է, այլապես այս պաշտոնը չէր զբաղեցնի։
Խոսելով ձկնատեսակների անկման մասին` նա նշեց նաև, որ որևէ հիմնավորված տեղեկություն չկա, որ ձկնատեսակների անկում է եղել։ «Կենդանատեսակների լուրերը, որ տարածվեցին, նաև ՍԱՊԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ դա առվույտի հետ կապված էր, և ըստ մեր տեղեկության՝ գյուղացիներին խորհուրդ են տվել, որ կենդանիներին մոտեցնեն լճին և տեղեկացնեն, թե դա ջրից է եղել՝ նախատեսելով, որ պետությունը որոշակի փոխհատուցում կտրամադրի այդ պայմաններում»,- վստահեցրեց Գրիգորյանը՝ խոսելով անկման մասին, որ օրերս գրանցվել էր Սևանա լճի ափամերձ շրջակայքում:
Նախարարին թեմայի վերաբերյալ հարց ուղղեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա հետաքրքրվեց Սևանա լճի ներկայիս վիճակով և ապագա ճակատագրով:
Հիշեցնենք, որ վերջին օրերին բնապահպանները ահազանգում են Սևանա լճի ջրի կանաչելու մասին, ինչի վերաբերյալ նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ և տեղեկացրել, որ վերջին օրերին Սևանա լճում արձանագրվել է անաբենա ցեղի կապտականաչ ջրիմուռների աճ։ «Այս ջրիմուռները Սևանա լճում առաջին անգամ նկատվել են նախորդ դարի 40-ականներին, իսկ ծաղկման առաջին դեպքն արձանագրվել է 1964 թվականին և տարբեր ծավալներով պարբերաբար կրկնվել նաև այլ տարիներին։ Լայնածավալ ծաղկում է դիտարկվել նաև 2018 թվականին», - ասված էր հայտարարության մեջ, որում նշվել էին նաև ծաղկման պատճառները։
Ի պատասխան` Գրիգորյանը մանրամասնեց, որ գործոնները մի քանիսն են, և տեղեկացրեց, որ այս պահին կապտականաչ ջրիմուռների աճ առկա է նաև Սև ծովում, Բայկալ լճում և այլ լճերում։ Նախարարի խոսքով՝ խնդիրները մի քանի աղբյուրներից են, օրինակ՝ կեղտաջրերից։
«Մեկն այն է, որ Գեղարքունիքում ձևավորվող կեղտաջրերի, կոյուղաջրերի ամբողջ ծավալը հոսում է Սևանա լիճ, ինչպես նաև ափամերձ տարածքների ռեստորաններից, հյուրանոցներից։ Մյուս պատճառը ջրածածկ եղած անտառտնկարկներն են, որից նույնպես զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծվում լիճ։ Հիմնական պատճառը այն էր, որ Սևանում կար հիպոլինիում կոչվող սառը շերտ, որը լճի մակարդակի իջեցման պատճառով վնասվել էր, և լճի մակարդակի 6 մետր բարձրացումը պետք է բերի այդ սառը շերտի պահպանությանը, ինչը հնարավորություն կտա, որպեսզի այդ օրգանական նյութերի աճը պակասի, և Սևանա լճի ջուրը մնա բարձր որակի», - ասաց Գրիգորյանը` միևնույն ժամանակ հավաստիացնելով, որ նախարարությունը մշտական մոնիտորինգ է իրականացնում։ Բացի այդ` պատրաստվում են միջազգային երկու կազմակերպությունների հետ համագործակցել Սևանա լճի վիճակի բարելավման համար. Սևանա լճին կենսոլորտային պահպանավայրի կարգավիճակ տալու հետ կապված համագործակցում են ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ, դիմել են նաև Գերմանիայի կառավարությանը, որպեսզի գերմանական մի քանի հեղինակավոր ինստիտուտների մասնակցությամբ իրականացնեն հետազոտություններ։
Գրիգորյանը նաև անդրադարձավ կոլեկտորի թեմային: Նա պարզաբանեց, որ դա լավ գաղափար չէր, քանի որ կոլեկտորի վթարի դեպքում միանգամից համազարկային շատ մեծ աղտոտումներ կլինեին։ «Բայց երեկ մենք կառավարություն ենք ներկայացրել երեք քաղաքների, որոնք մեխանիկական մաքրում ենք իրականացնում, կենսաբանական մաքրման գնառաջարկները, որպեսզի վերազինվեն կենսաբանական մաքրման կայաններով: Նաև` հիմա ուսումնասիրում ենք գետերի հուների մաքրման աշխատանքները և գումարներ ենք նախատեսում, քանի որ կառավարությունը պատրաստակամ է վճարել Գեղարքունիքի մարզում գետերի հուների մաքրման համար»,- հայտնեց նախարարը: