կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-18 15:39
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե իմ ժողովրդի վիճակը վատ է, իմ երեխաների վիճակը չի կարող լավ լինել․ Ծառուկյան

ԲՀԿ ուսխորհրդի բացման ու նրանց մտահոգող խնդիրների մասին քննարկման նպատակով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց ԲՀԿ ուսանողական խորհրդի երիտասարդների, ուսանողների ու կուսակցության երիտասարդ համախոհների հետ. հայտնում է Yerkir.am-ը։

Նա ասաց, որ շարունակելու է հնարավորինս աջակցել նրանց ոչ թե խոսքով, այլ գործով:

«Ես միշտ ասել եմ, որ մեր ապագան երիտասարդներն են, ուսանողներն են, նրանք չպետք է կոտրվեն, հիասթափվեն, պիտի պիտանի մարդ դառնան հայրենիքի համար, ոչ թե կոտրվեն ու հայրենիքից գնան»,- ասաց Ծառուկյանը:

Նրա դիրքորոշմամբ՝ 2021թ. հունվարի 1-ից նորակազմ ընտանիքներին, որոնք բնակարանի խնդիր ունեն, պետք է հերթագրել, բնակարան ձեռք բերելու արտոնություն ու հնարավորություն տալ, իսկ կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական խնդիրներից ելնելով` ուսանողներին պետությունը պետք է արտոնություն տա և ուսման վարձերի վճարման հարցում ընդառաջի:

«Արտակարգ իրավիճակում, այս տնտեսական ճգնաժամի օրով ծնողները չեն աշխատում, ուսանողին ասում են՝ եթե ուսման վճարը չվճարես, դուրս ես մնալու բուհից: Պատգամավորները նստած խոսում են, պատգամավորը պետք է գրասենյակից դուրս գա, գնա մարզեր, խոսի մարդկանց հետ»,- ասաց Ծառուկյանը՝ հավելելով, որ երբ ինքը հանդիպում է մարդկանց հետ, մարդիկ լացում են՝ դեղի փող չունեն, փող չունեն երեխային դպրոց ուղարկելու համար, հոսանքն անջատել են:

«Սիրտս ցավում է, ինչո՞ւ, ամբողջ կյանք արել-դրել եմ իմ երկրի համար, եթե իմ ժողովրդի վիճակը վատ է, իմ երեխաների վիճակը չի կարող լավ լինել: Ասում է՝ Ծառուկյանն ասաց՝ սով է լինելու, հիմա տեսնում եք, սով չի՞, իսկ սովը ո՞նց է լինում»,- ասաց Ծառուկյանը:

Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների մասին էլ ասաց՝ հասարակությունը գումար չունի, աշխատատեղերը կրճատվել են։

«Ես ասել ու ասում եմ՝ եթե պետությունը քայլեր չանի, փոփոխություններ չկատարի, մենք օր օրի անդունդ ենք գնալու: Մենք ասում են՝ փոփոխություններ արեք, որ մարդիկ դա իրենց վրա զգան»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: