Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք բարձրացնում ենք նշաձողը ոչ միայն կուսակցության գործունեության եւ դրա արդյունքների համար, այլեւ պահանջները կուսակցության անդամների ու նրանց գործունեության հանդեպ: Իր արածի ու չարածի համար պատասխանատու է մեզնից յուրաքանչյուրը՝ յուրաքանչյուր հանրապետական: Պատասխանատու է ոչ միայն կուսակցության, այլեւ երկրի առջեւ: Ավելի՛ն, պատասխանատու է ոչ միայն սեփական վարքի, այլեւ իր ենթակաների, նաեւ՝ իր ընտանիքի անդամների վարքի համար»,- 2010թ. դեկտեմբերի 18-ին ՀՀԿ 20-ամյակի հանդիսությանը ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:
Ընդամենը մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀԿ արտահերթ համագումարում Սերժ Սարգսյանն ասաց հետեւյալը. «Քաղաքացին պետք է իրեն ապահով եւ ինքնավստահ զգա թե՛ փողոցում, թե՛ աշխատավայրում, թե՛ ոստիկանատանը, թե՛ դատարանում: Հայաստանի քաղաքացու հետ պետք է Դուք-ով խոսել: Ասվածը` պետք է հասկանալ ե՛ւ ուղղակի ե՛ւ փոխաբերական իմաստով: Որեւէ քաղաքական ուժի, առավել եւս` կառավարող կուսակցության պարտականությունն է նպաստել նոր հայի ձևավորմանը: Նոր հայ, ով հարգում է օրենքները` հաստատ իմանալով, որ իրեն նույնպես հարգում են»:
Դեռ չէին լռել Սերժ Սարգսյանի ելույթի ծափահարությունները, երբ սեփական կուսակցության մեջ ձեւավորված «նոր հայը», դու ու դուք չհարցնելով, փչացրեց ամեն ինչ: Միանգամից՝ յալլա: Թոխմախի Մհերը Դուք-ով խոսելը խառնել էր դու-ով հայհոյելու հետ: Նշված երկու համագումարներին էլ ներկա էր Թոխմախի Մհերը, նա էլ էր ծափահարում: Տեսնես` ինչո՞ւ: Ուրեմն կա'մ ելույթը չի հասկացել, ինչը, ի դեպ, հեռու չէ նրանից, կա'մ էլ բանի տեղ չի դրել՝ դա համարելով իրեն լիովին ազատություն տվող կոչ:
Այսօր արդեն հրապարակված մեկ այլ նյութում նշել էի, որ մինչ ընտրություններ, կմոռացվի նախագահի ելույթի ազդեցությունը` որպես օդի հերթական տատանում: Ի՞նչ ընտրություն, մինչեւ փետրվարի 18-ը թոխմախիմհերները բերանի ափեղ-ցփեղ բացումներով կփայլատակեն հազար անգամ:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը մշտապես խոսքն առաջին հերթին ուղղում է սեփական կուսակցության ներկայացուցիչներին, սակայն միաժամանակ թե' երկիրը, թե' կուսակցությունը նսեմացնում են հենց նրա կուսակցության անդամները: Թոխմախի Մհերը, իրեն մոտեցած լրագրողի հարցն անգամ չլսելով, միանգամից գոռում է՝ յալլա, Նովոն մեկ այլ դեպքում շպրտում է՝ վազն արի: Սա միայն նրանց մտավոր սնանկության մասին չի խոսում, այլեւ` նրանց խորհրդարան հասցնողի:
Ցավում եմ, պարո'ն նախագահ, բայց Ձեզ չեն հարգում անգամ ձեր կուսակից ընկերները, էլ ի՞նչ եք պահանջում ու սպասում ժողովրդից: Եթե հարգեին, ապա ընդամենը մեկ օր առաջ հոտնկայս ծափահարած ելույթից հետո նման վարքագծով չէին հանդես գա: Դրա համար է ՀՀԿ-ն, լինելով ամենամեծ ու «ժողովրդական աջակցություն ունեցող ուժը», հարգանք մուրում: Դրա համար էլ Շարմազանովն իրենց պահած երկիրը գովելուց հետո փաստում է, որ «սրանք միայն դատարկ խոսքեր են»:
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ