Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արարատցեմենտ» գործարանի հարևանությամբ գտնվող հանրակացարանում Ալավերդյանների բազմազավակ ընտանիքը ապրում է կիսասոված, կիսամերկ: Ընտանիքի մայրը` Սոֆիկ Ալավերդյանը, միայնակ չի հասցնում հոգալ 4 հիվանդ երեխաների հոգսերը:
«4 երեխաներս էլ հիվանդացել են տուբերկուլոզով: Փառք Աստծո, այսօր նրանք լավացել են, միայն մեծ աղջիկս` Լիլիթն է, որ ներկայումս երիկամների հետ խնդիր ունի»,- պատմեց տիկին Սոֆիկը:
Նրա ամուսինը երեք տարի առաջ է մահացել: Մայրը ստիպված չորս անչափահասներին տանը մենակ է թողնում, գոյատևելու համար որտեղ ասես, որ չի աշխատում: «Ընդամենը 46 հազար դրամ նպաստ եմ ստանում: Դեպքեր էլ լինում են, որ կատարած աշխատանքիցս ստանում եմ ամենաշատը 1000 դրամ, էդ էլ չի բավարարում, որ Լիլիթիս դեղերն առնեմ»,- ասում է նա:
Նախկինում Ալավերդյանները բնակվում էին հանրակացարանի առաջին հարկում: Լիլիթի առողջական վիճակի վատանալու պատճառով այժմ տեղափոխել են երկրորդ հարկ: «Միայն մի բանով է տարբերվում` խոնավությունը մի քիչ քչացել է, բայց այստեղ էլ պատուհանները անապակի են, ցելոֆան ենք փակցրել, որ գոնե մի քիչ տունը տաքանա»,- նշում է տիկին Սոֆիկը:
Ընտանիքը ոչ մի կենցաղային հարմարություն չունի, նույնիսկ տանը մահճակալ չկա, որ կարողանան քնել: «Անկողինը փռում եմ գետնին` ամբողջությամբ ջրի մեջ կորած է, տանը նույնիսկ պահարան չունենք, հագուստեղենը պահում ենք արկղերի մեջ»,- ասում է ընտանիքի մայրը` նշելով, որ տանը սանհանգույց էլ չունեն` օրը մի պատի տակ են հոգում բնական կարիքները: Գումար չունենալու պատճառով լույսը երկար ժամանակ անջատել էին: Հիմա էլ էլեկտրաէներգիայից միայն երեկոյան ժամերին են օգվում`մութ տեղում չնստելու համար: «Էրեխեքս հեռուստացույցի մասին շատ քիչ պատկերացում ունեն, տեսել են միայն հարևանների տներում»,- գանգատվում է տիկին Սոֆիկը: Այս հոգսերին էլ գումարվել է ջրի խնդիրը. երեխաները մի քանի կիլոմետր ոտքով քայլում են` ջուր բերելու համար:
Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ