Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ալտահար Աիդա Նալբանդյանն արդեն 24 տարի է, ինչ նվագում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում. այն ժամանակ նվագախմբի ղեկավարը Լորիս Ճգնավորյանն էր: Նա ալտահարուհի դարձել է իր երաժշտության ուսուցիչներից մեկի խորհրդով, ինչի համար շատ շնորհակալ է նրան: Այժմ դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, ունի դոցենտի կոչում: Նալբանդյանը 1998թ-ին Երևանի քաղաքապետարանի Մանկական ֆիլհարմոնիայում ստեղծել է կամերային նվագախումբ, որի գեղարվեստական ղեկավարն է մինչ օրս: 2010-ին, որպես Մանկական ֆիլհարմոնիայի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար, պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի «Երեւան զինանշան» ոսկե հուշամեդալով, իսկ 2011-ին ՀՀ մշակույթի նախարարի հրամանով, որպես ՀՊՖՆ-ի ալտահարների խմբի կոնցերտմայստեր, պարգևատրվել է պատվոգրով:
25 տարվա ընթացքում, ըստ Աիդա Նալբանդյանի, շատ բան է փոխվել ֆիլհարմոնիկի կյանքում: Որակական փոփոխությունները չհաշված` այժմ ֆիլհարմոնիկի հետ այնպիսի երաժիշտներ են համերգով հանդես գալիս, որոնց լսելու մասին այն տարիներին անգամ երազել չէինք կարող:
-Ինչո՞ւ ընտրեցիք ալտը, այլ ոչ թե ջութակը, որն այն տարիներին ավելի «մոդայիկ» էր:
-Այն ժամանակ ես բարձրահասակ էի` իմ տարեկիցների համեմատ, և ալտը ձեռքիս համար ավելի հարմար էր: Շատ էի սիրում երաժշտությունը, եւ իմ ուսուցիչներից մեկի խորհրդով էլ ալտն ընտրեցի:
-Ալտը viola-ների ընտանիքին է պատկանում. ճի՞շտ է, որ եթե գիտես ջութակ նվագել, ավելի հեշտ է ալտ նվագել, քան` հակառակը:
-Ալտը տեմբրով տարբերվում է ջութակից: Յուրի Բաշմետը հերքեց այն կարծիքը, թե վատ ջութակ նվագողը լավ ալտահար է: Ալտի վրա էլ տեխնիկապես բարդ ստեղծագործություններ կարող ես նվագել: Ես կասեի` ավելի դժվար է ալտի վրա լավ ձայնով նվագել. հնչողության տեսակետից՝ որակյալ ձայն արտաբերելու առումով, բնականաբար, ավելի դժվար է ալտ նվագել:
-Ի՞նչ ձայն, մեղեդի, նոտա կարող է արտաբերել ալտը, որը գուցե ջութակը չի կարող, կամ` հակառակը:
-Ալտն ու ջութակը ընկեր գործիքներ են: Ես կասեի` ավելի շուտ մեկը մյուսին լրացնում են եւ միմյանցից կախում չունեն:
-Դուք նաեւ Մանկական կամերային նվագախմբի ղեկավարն եք. դժվա՞ ր է, արդյոք, փոքրերի հետ աշխատել, թե՞ հակառակը:
-Եկավ մի պահ, որ ես ինքս էի ուզում նվագախումբ ղեկավարել, բայց, իհարկե, ոչ մեծերի: Մանկական ֆիլհարմոնիայի տնօրենի՝ Ս. Մարգարյանի հետ խոսեցի եւ նրա օգնությամբ ստեղծեցինք նվագախումբը: Երեխաների հետ, այո, դժվար է, բայց երեխաներն այնպիսի աչքերով են քեզ նայում եւ այնպիսի հավատով, որ դժվարությունները տեղի են տալիս: Իրենք հաճույքով քո յուրաքանչյուր խոսքն ընդունում են: Բայց, մյուս կողմից, դժվար է այնքանով, որ սերնդափոխությունը հաճախ է լինում. երեխաները մեծանում, թողնում-գնում են: Ստեղծում ես մի նվագախումբ, ոտքի կանգնեցնում, եւ գալիս է մի պահ, որ նորից պետք է սկզբից սկսես:
-Երեխաների թիվը տարեցտարի պակասո՞ւմ է. շատերն են ասում, որ գալիք սերնդի հարցը լուրջ է:
-Այո, հիմա շատ դժվար է, բայց գալիս են երեխաներ, որոնք հետաքրքրված են երաժշտությամբ:
-Այնուամենայնիվ, դիրիժորությունը չի՞ խանգարում ֆիլհարմոնիկում նվագելուն:
-Ես ինձ դիրիժոր չեմ համարում. ես ստեղծագործում եմ, բայց ավելի շատ սիրում եմ նվագել: Իսկ երեխաներին պարզապես փորձում եմ ծանոթացնել նվագախմբային արվեստին և նվագախմբում աշխատելու գաղտնիքներին:
-Եվ քանի որ նաեւ դասավանդում եք, կուզեի ճշտել` երաժշտության ասպարեզում հայերենով մասնագիտական գրականության պակաս չունե՞նք:
-Իհարկե, ունենք: Չնայած ստեղծագործական պրոցեսում շատ կարեւոր է փորձը: Մասնագիտական գրականության պակասը գալիս է լրացնելու համակարգիչը, որի միջոցով կարող ենք գտնել՝ ինչ ուզում ենք: Հիմա սերունդն իրեն ընձեռված այդ հնարավորությունից օգտվելու շատ լավ առիթ ունի, քանի որ մեր ժամանակ անգամ գործերի նոտաները չունեինք:
-Երբ նայում ենք` ովքեր ունեն կոչումներ, եւ ովքեր են ասպարեզում, մի տեսակ` դասականը երկրորդ պլան չի՞ մղվում:
-Այո, սակայն դա նաեւ ժողովրդի կենսամակարդակից է գալիս: Մեզ մոտ դասական այնքան էլ չեն լսում: Օրինակ` աղջիկս թավջութակ է նվագում, եւ մեր տանը հեռուստացույցի գոյության մասին հազվադեպ ենք հիշում, քանի որ նա արդեն (բնականաբար, իմ միջամտությամբ) այլ զբաղմունք ունի: Կուզենայի, որ բոլորը վերջապես հասկանային, որ դասական երաժշտությունը նույնիսկ կարող է հիվանդություն բուժել: Ինչպե՞ս կարող են դասական չլսել… Ախր, դասականը լրիվ ուրիշ աշխարհ է… Դասականը իմ աշխարհն է:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ