կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-07 13:48
Տնտեսական

Հայաստանում հեռուստացույց դիտելը կարժենա 15-35 հազար դրամ

Հայաստանում հեռուստացույց դիտելը կարժենա 15-35 հազար դրամ

Հայաստանի ամբողջ տարածքում 2014 թվականի հունվարից մեկնարկել են թվային ծածկույթի ապահովվման աշխատանքները: Անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացը հանրապետությունում մտնում է ավարտական փուլ: Այժմ Հայաստանի բնակչության 70 տոկոսին թվային ծածկույթը հասանելի է, մնում է միայն գնել համապատասխան սարքավորումը, որպեսզի հուլիսից հնարավոր լինի դիտել հանրապետությունում հեռարձակվող հեռուստաալիքները:

 

Իսկ այդ սարքավորման պոտենցիալ գնորդներ են համարվում բոլոր այն անձինք, ովքեր իրենց հեռուստացույցը գնել են մինչև 2014 թվականը: Այդ հեռուստացույցները չեն ապահովում տվյալ ազդանշանի ընդունումը, ուստի մենք ունենք ընտրության երկու տարբերակ` կա'մ պետք է գնենք նվազագույնը 150.000 դրամ արժողության հեռուստացույց, կա'մ 15.000 դրամանոց սարք:

 

Հավանաբար, այս հանգամանքն են հաշվի առել էլեկտրոնիկիայի այն խանութները, որոնք թվային ընդունիչները վաճառում են տարածաշրջանում առկա գներից մի քանի անգամ բարձր գնով: Հաշվի առնելով տվյալ արտադրանքի նկատմամբ մեծ հետաքրքրությունը` գրեթե վստահաբար կարելի է ասել, որ շատ խանութներ կփորձեն չպատճառաբանված միլիոններ կուտակել միայն մեկ արտադրանքի վաճառքից, ասել է, թե` իրենք կընկեն մեղրով լի տակառը, իսկ մենք ուղղակի կտրամադրենք գդալը, որպեսզի կարողանան մի կուշտ օգտվել այդ մեղրից:

 

Սակայն մեր սոցիալական դառը իրավիճակը ոչ մի աղերս չունի ոմանց քաղցր ցանկությունների հետ: Այս խնդիրն այդքան մտահոգիչ չէր լինի, եթե այդ սարքավորումները վաճառվեին այն գնով, որով վաճառվում են, ասենք, տարբեր երկրներում և հանրությանը հայտնի էլեկտրոնային կայքերում: Սարքավորումների` թվային ընդունիչների միջին գինը, որոնք պետք է գնեն մեր հեռուստադիտողները, տատանվում է 15 հազարից 35 հազար դրամի սահմանում:

 

Yerkir.am-ը փորձեց հասկանալ, թե ինչ արժեն նույն սարքավորումներն այլ երկրներում: Հանրության շրջանում հայտնի Ebay, Aliexpress, Alibaba էլեկտրոնային կայքերում չինական արտադրության այդ սարքավորումների արժեքը տատանվում է 4000-8000 դրամի սահմանում: Ռուսաստանում և Ուկրաինայում այդ ապրանքի շուկայական միջին գինը 7000 դրամ է, Վրաստանում այս գործընթացն իրականացվում է բացառապես պետական աջակցությամբ:

 

Ստացվում է` մեզ մոտ տվյալ սարքավորումները մոտավորապես 4 անգամ թանկ են, և սա մի պարագայում, որ տվյալ թվային ընդունիչները նույնպես չինական արտադրության են: Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեցին էլեկտրոնիկայի մի քանի խոշոր խանութների վաճառողներ:

 

Կարծում ենք` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այստեղ անելիք ունի` պարզելու, թե ինչպես է x գնով վաճառվող ապրանքը Հայաստանում վաճառվում  4x գնով: Գրեթե վստահաբար կարելի է ասել, որ երբ անցնի հուլիսը, և այդ սարքավորումները կորցնեն իրենց մեծ պահանջարկը, նույն այդ խանութները կսկսեն իրենց 70 տոկոսանոց զեղչի ակցիաները, բայց, դե, մինչև այդ տասնյակհազարավոր ընտանիքներ կդատարկեն իրենց գրպանը:

 

Կառավարությունը լավ կանի, եթե այդ 70 տոկոսանոց զեղչը որևէ օրինագծով կիրառի հենց վաղվանից, իրենք այդ փորձն էլ ունեն: Վառ ապացույցը նոր սերնդի ՀԴՄ մեքենաներն էին, որոնք կառավարությունը ինքը ներկրում էր, ինքը գին սահմանում, ինքն էլ վաճառում: Գործադիրը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կողմնակից է պարտադիր է, բայց ոչ պարտադրված սկզբունքին: Այդպես էր, համենայն դեպս, կուտակային կենսաթոշակային համակարգի ժամանակ: Խոսքն այս անգամ, ճիշտ է, կուտակային կենսաթոշակային համակարգի մասին չէ, բայց ընդհանրությունն այնքանով է, որ նշված փոփոխությունը, որի մասին խոսում ենք, նույնպես վերաբերում է հանրության լայն շերտին և կպչում նրանց գրպանին:

 

Գեւորգ Խաչատրյան