կարևոր
5941 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-19 15:57
Քաղաքական Իրավական

Սա բացի «Հ1»-ից, նաեւ այլ ալիքներ է բռնում. Փաստաբանները դատախազության դիմաց հեռուստացույց նվիրեցին Աննա Վարդապետյանին

Մի խումբ փաստաբաններ այսօր՝ հունիսի 19-ին, ակցիա իրականացրեցին գլխավոր դատախազության շենքի դիմաց. նրանք հեռուստացույց էին բերել, որ նվիրեն գլխավոր դատախազին:

Փստաբան Վարազդատ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Վերջերս ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցավ փաստաբանի նկատմամբ բռնության արդեն երկրորդ դեպքը այս տարվա ընթացքում: Դեպքից հետո Փաստաբանները ակումբի նիստ հրավիրվեց եւ նրանք մտահոգություններից բացի նաեւ առաջարկություններ ներկայացրին, որ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բոլոր մեղավոր անձինք որոշակի պատասխանատվություն կրեն: Առայժմ մենք որեւէ արձագանք չունենք:

Ուրբաթ տեղի ունեցավ երթ դեպի ԵՄ գրասենյակ, այսօր որոշել ենք գլխավոր դատախազության դիմաց այս ակցիան անենք: Ակցիայի իմաստը այս հեռուստացույց է, որը ցանկանում ենք փաստաբանների անունից նվիրել գլխավոր դատախազին»,-ասաց փաստաբանը:

Նա հիշեցրեց, որ երբ ԱԺ-ում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարց էին ուղղել մի քանի ամիս առաջ ոստիկանության բաժանմունքում երկու փաստաբանների նկատմամբ բռնության մասին, նա ասել էր, որ այդպիսի դեպքից տեղյակ չէ, չի հիշում. «Հիմա մենք հեռուստացույց ենք բերել, որ տիկին Վարդապետյանը հնարավորություն ունենա հետեւելու Հայաստանում տեղի ունեցող դեպքերին եւ այս հեռուստացույցը բացի Հանրայինից, այլ ալիքներ է բռնում նաեւ: Այդ ալիքներով ինքը հնարավորություն կունենա տեղեկանալու, որ օրինակ, փաստաբանների նկատմամբ բռնության դեպքեր են լինում»,-ընդգծեց Վարազդատ Հարությունյանը: