կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-13 15:26
Քաղաքական

Ծառուկյանն ասաց` հեռու գնացեք, ես չկամ

Ծառուկյանն ասաց` հեռու գնացեք, ես չկամ

Նախագահական այս ընտրությունները «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ստեփան Սաֆարյանի համար աննախադեպ են: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ընդգծեց, որ չի հիշում որեւէ ընտրություն, երբ քաղաքական ուժերի վարքագիծը լիներ այնպիսին, ինչպիսին հիմա են, երբ քաղաքական ուժերի մեծ մասը տատանվում են ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցում:

 

Նախագահական ընտրություններին ԲՀԿ-ի չմասնակցելու որոշումն էլ, ըստ Սաֆարյանի, աննախադեպ էր այն առումով, որ ԲՀԿ-ն անգամ հրաժարվում է սատարել որեւէ թեկնածուի, այն դեպքում, երբ որեւէ մեկը չի էլ առաջադրվել: «ՀՀԿ-ն ԲՀԿ-ի հետեւից էր ընկել` իրենց թեկնածուին սատարելու համար: ՀԱԿ-ն էլ հույսեր էր փայփայում, թե ԲՀԿ-ն կդառնա ընդդիմություն եւ կպաշտպանի ՀԱԿ-ի թեկնածությունը: Ռոբերտ Քոչարյանն էլ էր ընկած ԲՀԿ-ի հետեւից: Ինչ ասաց իր հայտարարությամբ Ծառուկյանը` հեռու գնացեք, ես չկամ»,- նշեց Սաֆարյանն ու ընդգծեց, որ ԲՀԿ-ի որոշումից Հայաստանը չի շահում:

 

Նա վստահ է, որ ԲՀԿ-ի երեկվա որոշումը կորզվել է: «ԲՀԿ-ին, մեղմ ասած, զզվեցրել էին այն հարցադրմամբ, թե ում պետք է սատարի»,- ասաց նա:

 

Իսկ այս պահին նախընտրական որեւէ դաշինիքի մասին խոսելը Սաֆարյանը համարում է ռիսկային եւ բարդ: