Փոխարժեքներ
14 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Օգոստոսի 5-ից սկսած՝ Արցախի Հանրապետության Աղավնոյի, Քաշաթաղի, ինչպես նաև Ներքին Սուսի բնակիչներն Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանի հորդորով սկսեցին իրենց իրերը հավաքել և լքել սեփական տները։
Բնակիչների մի մասը տեղափոխվեց Հայաստան, մյուս մասը՝ մնաց Արցախում, նախարար Հայկ Խանումյանը նրանց նախապես ասել էր, որ կառավարությունը կտրամադրի բնակարանների սերտիֆիկատներ՝ պայմանով, եթե նրանք տները լքելուց հետո դրանք չայրեն։ Եղան բնակիչներ, որոնք չցանկացան իրենց տները թողնելն թշնամու և դուրս գալուց հետո դրանք այրեցին։
Աղավնոյի բնակիչ Կարինե Ռասոյանը սեփական տունը լքել է օգոստոսի 20-ին, այսօր Երևանում՝ վարձով բնակարանում է ապրում։
«Մենք բնակարանի սերտիֆիկատ չենք ստացել, ինչպես հասկանում եք՝ Աղավնոյից դուրս գալուց հետո, մեր մասին մոռացել են։ Հիմա ամեն հարցում մեզ նեղություն ենք տալիս։ Աղավնոյում ապրելու տարիներին վարկ ենք վերցրել, գոմ ենք կառուցել, հիմա բանկերը նեղություն են տալիս, ասում են՝ տույժ ու տուգանք ունեք, բերեք վճարեք, ասում եմ՝ ամեն ինչ մնացել է թուրքին, գնացեք վերցրեք, ինչ ստեղծել ենք, մնացել է Ադրբեջանին։
Ես այս ամենի մասին 2020 թվականին իշխանություններին ասել եմ, տարել վճարել էին, բայց այսօր բանկից ինձ ասում են՝ 500 հազար դրամ տուգանք ունեք։ Պետք է գնամ Ստեփանակերտ, դիմում գրեմ, որպեսզի հասկանանք, թե ինչ է լինելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարինե Ռասոյանը։
Ըստ նրա, սկզբում ավելի բարձր էր վճարում վարձակալած բնակարանի համար, երկար փնտրտուքներից հետո համեմատաբար ավելի մատչելի բնակարան է վարձել, որտեղ ապրում է երկու աղջիկների և մայրիկի հետ, այս պահին միայն մի աղջիկն է աշխատում։
«Մեզ միանվագ 40 հազար աջակցություն են տրամադրում, մինչև տալիս են՝ քթներիցս բերում են, այդ տվածի վրա մենք էլ ավելացնում ենք, որ տանք տան վարձ։ ԱՄՆ-ում բնակվող բարերարի միջոցով երկու ամսվա տան վարձը տվել եմ, մնում է կոմունալների համար գումար գտնենք։
Մեզ ասել են, որ առաջանայինը զոհվածների ընտանիքներին են բնակարանների սերտիֆիկատներ տրամադրում»,- հավելեց Կարինե Ռասոյանը։
Ըստ նրա, արդեն մեկ տարի է, չեն կարողանում վճարել աղջկա ուսման վարձը: Նա սովորում է Արցախի համալսարաններից մեկում։
«Մեզ Արցախից հանելուց հետո, որևէ մեկը, այդ թվում՝ Հայկ Խանումյանը, չի զանգել, չի հետաքրքրվել, թե ինչպես ենք ապրում։ Գնացել եմ Արցախի օպերատիվ շտաբ, դիմում եմ գրել, որպեսզի կարողանան մեզ օգնել, չգիտեմ՝ ինչ է լինելու, ես էլ առողջություն չունեմ, որ կարողանամ մի բան անել»,- եզրափակեց Կարինե Ռասոյանը։
Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 5-ին Հայկ Խանումյանը գնացել էր Բերձոր քաղաք և բնակիչներին տեղեկացրել, որ պետք է մինչև օգոստոսի 25-ը դուրս գան Բերձորից, Աղավնոյից և ներքին Սուսից՝ այդ բնակավայրերը թշնամուն հանձնելու համար։
Աղբյուրը` 168.am