կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-12 12:43
Քաղաքական

Ծառուկյանն իր հարցազրույցում ասաց բոլորովին նոր բան. Աղվան Վարդանյան

Ծառուկյանն իր հարցազրույցում ասաց բոլորովին նոր բան. Աղվան Վարդանյան

ՀՅԴ-ն համոզված է, որ կառավարման գործող համակարգը` թե' իր բովանդակային, թե' գործառնական առումով, խնդիրները լուծում է ի շահ Հանրապետական կուսակցության: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` նշելով, որ գործող համակարգը ոչ ոքի չի բավարարում. երբ հանրապետության նախագահն ու մեծամասնությունը նույն թիմից են, ուստի` նախագահական համակա՞րգ է, թե՞ գերնախագահական համակարգ՝ որոշումները կայացվում են դարձյալ Մելիք-Ադամյանում:

 

Ըստ պատգամավորի` սահմանադրական բարեփոխումները պետք է իսկապես համակարգային խնդիրներ դնեն, որոնք կառնչվեն պետության բովանդակությանը, որովհետև պետությունը և անկախ պետականությունը, ի վերջո, միայն ձև չեն և միայն արտաքին ատրիբուտները չեն, այլ պետք է ունենան շատ խորը, ժողովրդի հոգևոր-մշակութային փորձից բխող բովանդակություն:

 

«Մենք խորապես համոզված ենք, որ մեր պատկերացրած փոփոխությունների պարագայում նվազելու է իշխանության`  վերատադրվելու հնարավորությունը` ապակենտրոնացնելով իշխանությունը և որոշումների կայացումը դարձնելով ավելի թափանցիկ»,- ասաց Աղվան Վարդանյանը` հավելելով, որ եթե մեխանիզմները ճիշտ ձևով ներդրվեն, ապա համակարգը կնվազեցնի անձերի դերակատարումը` հանգեցնելով դրական փոփոխությունների:

 

Լրագրողների այն հարցին, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ՀՅԴ-ի տարաձայնությունները քառյակի մյուս երեք ուժերի հետ արդյոք՞ կսառեցնեն քառյակին անդամակցությունը, և արդյոք՞ դա չի նշանակում ՀՅԴ-ի համագործակցություն իշխանությունների հետ, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ կա ձևակերպումները ճշտելու և հստակեցնելու խնդիր, որովհետև, սահմանադրական բարեփոխումների հետ կապված, Դաշնակցությունը իշխանությունների հետ համագործակցելու խնդիր չունի, Դաշնակցությունը ունի իր պատկերացումները, սահմանադրական փոփոխությունների հետ կապված, որոնք նոր չեն:

 

Աղվան Վարդանյանի խոսքով` քիչ ժամանակ է մնացել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերջնական մշակմանը: «Մենք ասում ենք, որ այն ուժերին, որոնք կողմ են համակարգի փոփոխությանը` եկեք, միասին մշակենք, համաձայնեցնենք մեր փաթեթը և առաջարկենք: Եթե մենք միասին կազմենք այդ փաթեթը, կարծում եմ` ավելի ուժեղ կլինեն մեր դիրքերը: Անիմաստ է` չգնալ սահմանադրական փոփոխություններին, եթե մենք դրան կողմ ենք: Հակված եմ մտածելու, որ քառյակի որոշ ուժեր, ՀԱԿ-ին հանենք, որովհետև ՀԱԿ-ը խորհրդարանական համակարգին է սկզբունքորեն դեմ, և այս առումով մեր տարաձայնություններն ակնհայտ են, մյուսների հետ կապված` օրինակ` երեկ Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում ասաց բոլորովին նոր բան, քան ԲՀԿ խմբակցությունը, որ` քանի դեռ չի տեսել հայեցակարգը, ի՞նչ խոսի: Ես նման բան չէի լսել ԲՀԿ-ից: Մեր ասածը դրա շարունակությունն է` ի՞նչն է խանգարումպատկերացնել քո առաջարկությունների փաթեթը և դնել թե' հասարակության, թե' իշխանության սեղանին: Դա ավելի պրագմատիկ մոտեցում է»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ քառյակի որոշ ուժերի տեսակետները մոտենում են ՀՅԴ-ի տեսակետներին, իսկ «Ժառանգությունը» դեռ քննարկելու է սահմանադրական փոփոխությունների հարցը: