Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր բանաստեղծ, թարգմանիչ Ավագ Եփրեմյանի ծննդյան օրն է: Ներկայացնում ենք Եփրեմյանի վերջին` «Երգչախումբը ցրվել է» ժողովածուից որոշ գործեր:
***
ԲԱՌԵՐԸ
Allein: du mit den Worten
Und das ist wirklich allein…
Gottfried Benn
Աշխարհը փոխեցիր բառերի հետ, ոսկին
արդեն չկար: Գոհացար մնացյալ արծաթով.
գաղտնիքի պաղարյուն այդ գետը՝ սոսկ իր՝
վտարանդի շնչառմամբ՝ ցավերը ներս ծաթող:
Գրեթե չի հոսում. մահեր
ու քիչ դեռկյանք, իսկ դրսից՝ հայելին սառցակալ
մի Դեմք է միայն - որին մարդու ածական
չի կպչում երբեք - մտապահել:
Բառե՞րը. դեռեւս իրենք են՝ երկնային նույնը,
դրանք շարակցելու շնորհն է, որ հետ են առել,
եւ ահա - բառերս, ես, աշխարհի ցավ առթող անունը,
ցավերն իրենք էլ՝ կարգված թե տարատարափ -
պաղ ծփում ենք… որպես աշնան արծաթե մառեր,
որպես… արարչակա՞ն… նախապարապ…
ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ
Եթե կարողանում ես ասել
ԵՍ,
հնարավոր է,
որ բանաստեղծություն պատահի,
եթե կարողանում ես շարունակել
եւ ասել՝
ՍԻՐՈՒՄ ԵՄ,
հավասարվում ես բանաստեղծությանը,
իսկ եթե շնորհվի
եւ շուրթերդ հնչեն՝
ՔԵԶ…
ուրեմ դու մի քայլ առաջ ես անցել,
եւ ոչ մի պատահելիք
բանաստեղծություն
այլեւս հարկավոր չէ։
ՆԱԽԱԲԱՆ
Մարդիկ ավելի քիչ են,
Քան տարածությունը,
Բայց՝ շատ, քան ժամանակը:
Ահա թե ինչու՝ ամեն ինչ դառնում է քաղաք.
Ինչքան ավելի շատ ես ընդգրկում,
Այնքան չքանում են դիմագծերդ:
Չքացած դիմագծերով հեշտ է ճչալը.
Եւ ահա ճչում են փողոցները'
Տարբեր ուղղություններով,
Շենքերը' իրենք իրենց մեջ,
Անդեմ հավատները' ընդդեմ տաճարների,
Հույսերը' որպես չհերիքող ժամանակ:
Այդուհանդերձ, հիշել,
Որ բառն ընդամենը կանխազգացում է,
Հատկապես՝ նախախնամ աշխարհում,
Իսկ կանխազգացումը բաժանելի չէ,
Հատկապես՝ մարմնի եւ հոգու,
Հատկապես՝ պատերազմից առաջ:
Պետք է հաղթել:
Նույնիսկ' ի վնաս բանաստեղծության:
ՉԳՐԵԼՈՒ ԲԱՆ
(նատուրալիզմ)
Առաջին անգամը չէ,
որ իմ լսածը
չի հավատում
գրվածին:
Ճայեկ-որորները՝
նրանք, որոնց ձայնը ծովում
ճիչ է թվացել լողորդների ականջին,
մի տանիքի նստոտած՝ չոր քրքջում են…
Ես չեմ ուզում
նրանց ձեզ համար հասկանալ,
իսկ ինձ համար հասկացածս
ձեզ պատմելու բան չէ:
Այդպես ծովն ու ցամաքն են
բաժանվում իրարից,
այդպես լավագույն տողերն են
չգրվում:
ARS POETICA – սեւ տարբերակ
Կյանքը բազմապատկում է իր մահերը,
բազմապատկված մահերը տեղում են որպես ձյուն,
ձյունը փակում է ճանապարհները բանաստեղծության,
բանաստեղծությունը դառնում է հուղարկավոր բահ,
հուղարկավոր բահը խրվում է բառերի
ձնախառն հողի մեջ, բառերի ձնախառն հողը լցվում է
շիրիմներին, շիրիմների մեջ բանաստեղծ եղած
կամ չեղած հանգուցյալներ են, բանաստեղծ
եղած կամ չեղած հանգուցյալները՝ ցնծումն են մահվան,
մահը, բանաստեղծի պես՝ միշտ վերջին, տեղում է որպես
առատ ձյուն, առատ ձյունը փակում է ճանապարհները,
փակ ճանապարհներին ելք փնտրող բառեր են,
ելք փնտրող բառերը հին են ինչպես ելքերը, հին
ելքերը բազմապատկում են կյանքի մահերը, կյանքի
մահերը նման են մարդուց թաքնվող աստվածների,
աստվածներն անմահ են,
որպես մարդուց թաքնվողներ, մարդուց
թաքնվող ամեն բան առատ ձյուն է՝ մահեր հուշող,
մահեր հուշող կյանքը միակ ելքն է ճանապարհների,
ճանապարհները մահկանացուներն են՝ կյանքով
ցնծացող, կյանքով ցնծացողները միշտ վերջինն են՝
ապրելիս, ապրելիս գտած բառերը
բազմապատկվող մահեր են…
ԵՐԿՏՈՂ
Մինչեւ կոկորդը թաղված հողերում խոսքի՝
Մարդը քամում է վերջին դառնության ոսկին:
Գիտի՝ իր երկար կյանքը երկտող է՝ փոշի,
Որ մեծավերջ-վերջատանջ մի փոքրիկ խորշից
Սիրով, երեւի՝ սիրով, կսրբի քամին,
Հավանաբար՝ բարեգութ-ճարտար մի ժամի:
Հետո… նույն Աստծո Հոգին՝ Հրահուր Կրակ,
Նույն կյանքերը կփնտրի ջրերի վրա.
Ուրիշ կյանքեր չեն լինում, չի փորձում հիշել,
Ուրիշ լինում են միայն ցերեկ ու գիշեր,
Որ մոլեգնում են ամբողջ լայնք ու երկայնքով՝
Անկրկնելի, սակայն միշտ՝ հաշվապահ կրքով:
Ու չեն խաղաղվում, մինչեւ չբովանդակեն
Ցնծություն ու հավատամք, մոլություն ու քեն:
…Մինչեւ կոկորդը թաղված հողերում խոսքի՝
Մարդը քամում է վերջին դառնության ոսկին՝
Իսպառսպուռ թոթափված գոյացման կրից՝
ԵԼՔ գտնի որ այս ՀՐԻՑ, ՋՐԵՐԻՑ, ԳՐԻՑ: