կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-11 12:15
Քաղաքական

Չկամ նախագահ

Չկամ նախագահ

Հանրապետության նախագահը սեպտեմբերի 3-ի հանրահայտ որոշման համար արդեն ում ասես հաշվետու եղել է: Առաջինը, բնականաբար, հարազատ կուսակիցներին` ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, որի ավարտից հետո այդ կուսակցության մամուլի խոսնակը, վաղեմի սովորության համաձայն, նախագահի որոշումը համարեց միակ ճիշտն ու իմաստունը:

 

Մոսկովյան որոշման «մանրամասների» մասին նախագահն այնուհետև պատմել է ազգային անվտանգության խորհրդի նիստում, որին հետևել է նրա արտգործնախարարի «գործուղումը» խորհրդարան` պատգամավորներին նույնպես երջանկացնելու մոսկովյան այցի «մանրամասներով»:

 

Իսկ այսօր արդեն Սերժ Սարգսյանը սեփական նախաձեռնությամբ հանդիպելու է ՀՀ-ում Եվրամիության երկրների դեսպանների հետ` բնականաբար, փորձելով գոնե դույզն-ինչ պահպանել վերջիններիս խիստ սասանված վստահության բեկորները, որ մեր իշխանությունների հանդեպ դեռ մնացել են:

 

Ուշագրավ է, որ թվարկված բոլոր հանդիպումները կրել են գաղտնի կամ փակ բնույթ, թեև ի սկզբանե էր անհասկանալի, թե, իբրև պետական գաղտնիք, ի՞նչ է փորձում թաքցնել երկրի նախագահը, երբ ամեն ինչ այնքան ակնհայտ է: Բայց առավել ուշագրավը վերջին օրերի պաշտոնական հանդիպումների ժամանակացույցում հանրության հետ հաղորդակցվելու և բուն հանրությանը իր այցի «մանրամասներին» ծանոթացնելու (դա կարող էր լինել հենց ԱԺ-ում քաղաքական ուժերի հետ նրա բաց հանդիպման, մամուլի ասուլիսի կամ այլ ձևով)` նախագահական չկամությունն է: Նախագահի աշխատակազմի համապատասխան պաշտոնյաները դժվար թե վերջինիս տեղեկացրած չլինեն, թե սեպտեմբերյան որոշումից հետո ինչ փոթորիկ է բարձրացել լրատվամիջոցներում ու սոցցանցերում, ինչ քննարկումներ են ընթանում, հետևաբար, սկզբից ևեթ նախագահական «բացատրությունների» հիմնական լսարան պիտի համարվեր հանրությունը, այլ ոչ թե ինչ-որ կառույցներ: Առավել ևս` դեսպաններ, որոնց առջև նախագահն այսօր ստիպված կլինի հանդես գալ ոչ այնքան բացատրություններով, որքան արդարացումներով:

 

Հետևաբար հարց է ծագում` ինչո՞ւ է նախագահն օտարների առջև արդարանալը գերադասում սեփական ժողովրդի առջև բացատրվելուց: Մանավանդ, որ, ինչպես իշխանական քարոզչամեքենան ու քարոզչագործիքներն են անդուլ պնդում, Մոսկվայում կատարվել է ոչ թե ինչ-որ ամոթալի բան, այլ ընդունվել է մեր ազգային շահերից բխող պատմական որոշում:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ