Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2012-12-12 13:36
Առանց Կատեգորիա

ԲՀԿ-ն չի սիրում լրագրողների հետ աշխատել

ԲՀԿ-ն չի սիրում լրագրողների հետ աշխատել

ԲՀԿ-ն խոստանում է, որ մինչեւ օրվա վերջ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն կանի առաջադրվել-չառաջադրվելու մասին։ Իշխանությունն իր արբանյակ լրատվամիջոցների միջոցով արդեն հասարակությանը հաղորդել է, որ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվելու։ Այսինքն` աշխատել է իր լրատվամիջոցների հետ։

 

Զանգահարում ենք ԲՀԿ-ին եւ փորձում հասկանալ, ասենք, կցանկանա՞ պարոն Ծառուկյանը Ա1+-ի միջոցով հայտարարել քաղաքականապես ակտիվ հատվածի համար ամենասպասված տեղեկությունը։ Քար լռություն է ԲՀԿ-ում, բոլորն անջատել են իրենց բջջայինները կամ անհասանելի են։ Լավ, թող Ա1+-ին, կամ ասենք, yerkir.am-ին չասի, բայց թող դա անի, ասենք, 7or.am-ի միջոցով։

 

Արդեն քանի շաբաթ է, ինչ ԲՀԿ-ն ասում է, որ Ծառուկյանի առաջադրվելու-չառաջադրվելու մասին հայտարարությունը կլինի ճիշտ ժամանակին։ Մարդը հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ եւ նույնիսկ դրանից հետո որեւէ լրատվամիջոցի որեւէ տեսակետ, կես միտք չփոխանցեց հանդիպման մասին։ Էդ մարդը դեկտեմբերի 12-ի 12-ն անց 12-ի դրությամբ դեռ կարող է հայտարարել, որ առաջադրվում է, այսինքն` այդ ժամի դրությամբ ամբողջական քաղաքական գործիչ է, որի խոսքը ինչ-որ բան է նշանակում քաղաքականապես ակտիվ հազարավոր մարդկանց համար։ Եվ այդ մարդու կողքին պետք է գտնվեր մեկը, որը նրան կասեր՝ եղբայր, արի քո առաջադրվել-չառաջադրվելու տեղեկությունը տարածենք որեւէ լրատվական կայքի, հեռուստածրագրի կամ թերթի միջոցով։ Այսինքն` արի կարեւորենք լրատվական միջոցներին։ Ոչ։ ԲՀԿ-ն հստակ ասում է՝ օրվա վերջում կլինի հայտարարություն։ Նույնիսկ ԱՄՆ նախագահը, եթե ուղիղ եթերում հայտարարություն չի անում կամ ասուլիս չի տալիս, կարեւոր ինֆորմացիան փոխանցում է որեւէ լրատվամիջոցով։ Այսինքն` ինքը ուզում է ասել, որ ասելիքը կրավորական չէ, առանց լրատվամիջոցի այդ ասելիքը այն էֆեկտը չի ունենա։ Ինքը փոխանցում է իր խոսքը, ձեռքի հետ կարեւորում է լրատվամիջոցին եւ շարժման մեջ դնում բոլոր մնացած լրատվամիջոցներին։

 

Իհարկե, պարտադիր չէ, որ լրատվամիջոցով արվի հայտարարությունը։ Կարելի է հայկական տարբերակով՝ տարածել հայտարարությունը լրատվամիջոցներին։ Բայց դրանից հետո վատ մի զգացեք, որ ձեր հետ հարաբերություններում իրենց ամբողջ անզորությունն զգացած լրատվամիջոցները մի օր կարող են ուղղակիորեն մեջքով շրջվել ձեզանից։ Այդ շրջվելը կարող է արտահայտվել ապատեղեկատվությամբ, ինչպիսին բազմիցս կարդացինք վերջին ամիսներին։ Դուք կփորձեք բացատրություններ գտնել։ Եվ ոչ մի անգամ ձեր մտքով չի անցնի, որ Գագիկ Ծառուկյանը այդպես էլ որեւէ լրատվամիջոցով պետական կառավարման որեւէ տեսլական չի ներկայացրել, որ կոռուպցիայի մասին խոսելու համար պետք չէ անպայման հասնել Բրյուսել։ Այսինքն` դաշտում առկա քաղաքական ազդեցիկ 6 քաղաքական ուժերից այսօր ոչ ոք այնքան արհամարհանքով չի վերաբերվել լրատվամիջոցներին, որքան ԲՀԿ-ն։ Եվ այդ քաղաքական ուժը մտադիր է մինչեւ վերջ «քշել իր էշը»։

 

Բոլորս արդեն գիտենք, թե ինչ է հայտարարելու Գագիկ Ծառուկյանը, իսկ այն պահից, երբ կհայտարարի, նա չգիտի, թե լրատվամիջոցներն ինչ ուղղությամբ կարող են տանել խաղը, որից պարոն Ծառուկյանը կարող է մինչեւ վերջ դուրս մնալ։

 

Սեյրան Հանոյան