Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունիսի 29-ը ՀՀ-ում նշվում է որպես Անհայտ կորած ազատամարտիկի օր, և վաղը վաղ առավոտից Եռաբլուրում այցելություններ ու խնկարկումներ կլինեն: 1992-ի հենց այս օրը՝ հունիսի 29-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լենինավան, Հայկաջուր (Հասան-Ղայա) գյուղերի մարտական գործողություններին մասնակցող «Արաբո», «Արծիվ 13», «Զեյթուն», «Ջրաբերդ», «Արմավիր» ջոկատների մարտիկները շրջափակման մեջ մնացին, և մինչ այժմ 79 ազատամարտիկի ճակատագիր անհայտ է:
«Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» հասարակական կազմակերպության ղեկավար Ռիմա Առաքելյանը, որի անհայտ կորած որդին` Շահեն Առաքելյանը, «Արաբո» ջոկատից էր, yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տարվա հունիսի 11-ին ՄԱԿ-ն ընդունել է մի որոշում, համաձայն որի՝ և՛ ՀՀ-ի կողմից, և՛ Ադրբեջանի կողմից բոլոր գերիները, ինչպես նաև զոհվածների աճյունները, մասունքները պետք է վերադարձվեն:
«Ես չգիտեմ, թե Ադրբեջանն ինչպես կմոտենա այդ հարցին, բայց մենք, միանշանակ, պատրաստ ենք: Պաշտպանության նախարարն ասաց, որ պետք է գործընթացը սկսեն «Արաբո» ջոկատից, կոնկրետ տեղը գիտենք: Պարզապես «Արաբո»-ի մասով ադրբեջանական կողմը շահարկումներ են անում: Վերջ ի վերջո, պիտի բերենք, բայց չպետք է դա արվի ի վնաս հայրենիքի: Երեք թումբ կա, տեղը կա, տղաների մարտական ընկերներն անգամ տեսել են, թե ոնց են նրանց հուղարկավորել: Գալու է այդ օրը, պարզապես ադրբեջանական կողմը շահարկումներ ունի «Արաբո» ջոկատի հետ կապված»,- ասաց Ռիմա Առաքելյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի համագործակցում իրենց` անհայտ կորածների հարազատների հետ, որ միջազգային հանդիպումների չեն ուղարկում այն մարդկանց, որոնք անհայտ կորած ունեն, այլ նրանց, որոնք միայն «20 տոկոս օկուպացված» հողերի վերադարձից են խոսում:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ ՀՀ-ում արդեն սկսել են անհայտ կորածների հարազատներից ԴՆԹ նմուշներ վերցնել, գործընթացին մասնակից են ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը: Ըստ նրա՝ ՀՀ-ից և Արցախից մոտ 800 անհայտ կորածներից 66-ի հարազատները հրաժարվել են հանձնել ԴՆԹ նմուշներ, բայց եթե գործընթացը հաջողի, նրանք էլ են հանձնելու:
Խոսակցությանը ներկա` «Զեյթուն» կամավորական ջոկատի անհայտ կորած ազատամարտիկ Վրեժ Գրիգորյանի մայրը՝ Սամարա Գրիգորյանը, yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ իր ամուսինն էլ է դեմ եղել ԴՆԹ նմուշների հանձնմանը, կասկածներ է ունեցել, բայց նրա մահից հետո ինքը որոշել է հանձնել այն, որ մի օր իր որդու «մասունքներն էլ «ճանաչվեն»:
«Հույսը վերջում է մեռնում: Հույս ունենք, որ վերջապես մեր տղանների աճյունները կվերադարձվեն: Ես վստահում եմ ՊՆ-ին, բայց մի հորդոր ունեմ՝ առաջնային թող փոխանակեն նրանց, ովքեր ողջի են մնացել, հետո նոր բերեն զոհվածների աճյունները, որ կասկածները փարատվեն, և մի եղբայրական գերեզման ունենանք, արժանի ձևով գնահատենք մեր տղաներին: Նրանք հերոսներ են»,- ասաց տիկին Սամարան ու հիշեց, թե ինչպես է դուռը տղայի դիմաց փակել, որ չգնա պատերազմ, իսկ հիմա` 27 տարի դուռը բաց սպասում է...
«Դռներն էլ փակեցի, ոտքերի տակ էլ պառկեցի, ասաց՝ երդվել եմ, մա՛մ, պիտի գնամ: Իմ տղան հերոսացել է: Ոչ մեկին չեմ մեղադրում, բայց ես ուզում եմ, որ հերոսի կոչում ստանան, թեպետ նրանք ստացել են ՀՀ-ի և Արցախի Արիության մեդալներ: Սա խոսում եմ ոչ թե որպես Վրեժի մամա, այլ բոլոր անհայտ կորածների հարազատների անունից եմ խոսում: Մեր ցավը մեր հարազատ ընտանիքներին չենք ասում, իրար հետ՝ անհայտ կորածների հարազատներով ենք կիսում: Մեր տղաները պիտի գնահատվեն, և թեկուզ մի հոգու բերեն ողջ, որ իմանանք՝ մեր տղաների ճակատագիրը ոնց եղավ, որ անհայտ կորան, ինչ՞ու կարողացան «Շենգավիթ»-ի 14 զոհերին բերել, մերոնց՝ ոչ: Ինչո՞ւ չբերեցին, չէ՞ որ հողը մեր մոտ էր այն ժամանակ: Ուզում եմ, որ բացահայտվի, աճյունները տեղափոխվեն: Որքա՞ն տարածք են նրանք ազատագրել, բա անպատասխա՞ն դա մնա: Լրատվականները միայն քառօրյան են հիշում, բայց չէ՞ որ «տան հիմքն» առաջին ազատամարտիկներն են դրել, որոնք ո'չ զենք են ունեցել, ո'չ բան: Նրանք կռվել են դանակով, վիրավորից վերցրած զենքն են օգտագործել, կյանքի գնով են արել: Իմ ամուսինը, որ հեռուստացույց էր նայում, էս տղաներին տեսնելով` ասում էի՝ բա Վրեժս ո՞ւր է, ամուսինս թե՝ հերոսները չեն երևում օպերատորի առաջ, նրանք կռվում են: Հերոսները մենակ կռվում են: Ոչ մի հերոս չի ասում, որ ինքը հերոս է: 27 տարի դուռը չեմ փակել ու սպասում եմ իմ բալին, ցավս խեղդել եմ, խեղդում եմ մեջս, որ մյուս տղայիս, թոռներիս չտանջեմ: Ես ամուսնուս հետ իմ տղայից առանձնացա, որ իմ հարսը, թոռներս երաժշտություն լսեն, իսկ մենք` ամուսիններով, մեր ցավը շաղկապենք ու ապրենք, ափսոս երկար չտևեց, երկու տարի հետո մահացավ ամուսինս, էլ դիմանալ չէր կարողանում»,- արցունքները խեղդելով` պատմեց տիկին Սամարան:
Մի փոքր լռելուց հետո շարունակեց պատմել, թե ինչպես է որդին, որ հերոսացել է, վերջին մարտը տվել` 20-ը չբոլորած, 16 տարեկանում համալրել Դաշնակցության շարքերը: «Անցած տարի Օպերայի մոտով անցա, մայիսի 9-ն էր: Ռիմայի հետ նայում էինք, ասաց՝ Շահենս ո՞ւր է, նկարների մեջ չգտանք, մեկ էլ ես Վրեժիս գտա, ոնց որ ասեր՝ մամա՛, ես եմ: Ուրախացա, որ չէին մոռացել տղայիս, նկարը մեծացրել էին, այդ նկարը ես չունեի, ունեցա: Հեսա ցույց տամ քեզ»,- արցունքները չզսպելով, բայցև հպարտորեն պայուսակից հանեց որդու նկարը և մեկնեց:
Լուսանկարեցինք տղայի նկարը և սահմանափակվեցինք` ասելով. «Ինչ սիրուն է Ձեր տղան»:
«Բա բալես սիրուն է: Դուռը բաց եմ թողել...»,- հրաժեշտ տվեց` արցունքները լուռ սրբելով, որովհետև ինքը չպետք է կոտրվի:
Տիկին Ռիման էլ միջամտելով ավելացրեց` անցյալը չպետք է հետ շպրտենք, այլապես ապագան չենք տեսնի:
Մարիամ Պետրոսյան