կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-28 16:48
Քաղաքական

Ո՞վ է կազմելու ՀԱԿ-ի ցուցակը

Ո՞վ է կազմելու ՀԱԿ-ի ցուցակը

Շատերը կարծում են, որ ՀԱԿ նախընտրական ցուցակը կկազմվի հետեւյալ երկու տարբերակներից մեկով`

 

1. Լեւոն Տեր-Պետրոսյանը` միանձնյա,

 

2. ՀԱԿ համակարգող մարմինը` Կոնգրեսի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ խորհրդակցաբար:

 

Ուրիշ էլ ո՞նց: Չշտապենք: Կա նաեւ երրորդ տարբերակը: Դրա մասին հնարավոր կլինի խոսել ավելի ուշ, երբ, այնուամենայնիվ, որոշվի, որ ՀԱԿ-ը, չնայած նրա համար խորհրդարանական ընտրությունների հարցն այլեւս արդիական չէ, մասնակցելու է ԱԺ ընտրություններին: Իսկ հնարավո՞ր է, որ չմասնակցեն: Սա էլ կախված է այն բանից, թե որքան ամուր դուրս կգա կառույցը:

 

Չմոռանանք` ՀԱԿ-ի կազմում կուսակցություններ կան, որոնք նույնիսկ կարող են առանձին գնալ ընտրությունների: Իսկ դա նշանակում է, որ այլ ուժերի հետ հաջող համագործակցության դեպքում նրանք կարող են լուրջ դերակատարություն ստանձնել եւ խորհրդարանում չհայտնվելու պարագայում նույնիսկ հավելյալ դիվիդենդներ ձեռք բերել այլ բնագավառներում: Պարզ ասած` հաջող առեւտուր անել ու կարգի բերել ֆինանսական հարցերը: Մարդ ընդամենը մեկ կյանք է ապրում, եւ ինչո՞ւ պիտի նա իր կյանքն ուրիշի օրենքներով ապրի, եթե կա այդ կյանքը սեփական խելքով տնօրինելու հնարավորությունը:

 

Վերջին հաշվով ո՞վ է Լեւոն Տեր-Պետրոսյանին տվել ցուցակ կազմելու իրավունքը: Իրենք են տվել ու, այ քեզ բան, Լեւոն Տեր-Պետրոսյանը իրենց կարող է եւ չընդգրկել ցուցակում: Եթե, այնուամենայնիվ, որոշեն ցուցակը կազմել խորհրդակցաբար, ապա, միեւնույն է, շահելու հնարավորությունը դրանից չի մեծանում: Բանն այն է, որ ՀԱԿ շարքերում այսօր շատ են արտոնություններ ունեցողները, որոնց պետք է, ի նշան հարգանքի, առաջ թողնել` քաղբանտարկյալների երկու սերունդ, ոստիկանական շղթան ճեղքած եւ Երեւան հասած մարզային կառույցների ղեկավարներ, ՀՀ ոստիկանության եւ իշխող կոալիցիայի հետ հերոսաբար բանակցած գործիչներ, Լեւոն Տեր-Պետրոսյան եւ մերձավոր շրջապատ... Բոլորին չես թվի, իսկ ՀԱԿ-ում ամենաքիչը մի 18 կուսակցություն ու կազմակերպություն կա, որոնք առնվազն պատրաստ են 3-ական թեկնածու առաջադրել իրենց շարքերից: ՀԱԿ-ն ընդունա՞կ է 60 մարդ տանել խորհրդարան: Դժվար թե: Ուստի, կա'մ պիտի վիճակահանություն անեն, կա'մ էլ շարքերը քանդելու վտանգն աչքի առաջ` հրաժարվեն ԱԺ ընտրություններից, որպեսզի վերջնականապես չզրոյանան եւ շարունակեն պայքարը մինչեւ նախագահական ընտրություններ, որոնց ժամանակ պապիի թեկնածությունն այլընտրանք չի ունենա:

 

Այն, ինչ հիմա ասացինք, լիովին տեղավորվում է ՀԱԿ ներկա մարտավարության մեջ եւ արդյունք է ՀԱԿ ներկայացուցիչների վերջին ելույթների ու հայտարարությունների: Սրան ավելացրեք նաեւ ՀԱԿ վերջին ժողովից հետո որեւէ հայտարարություն չտարածելու փաստը, եւ պարզ կդառնա, որ մենք, նաեւ այլ լրատվամիջոցներ, այնքան էլ հեռու չենք ճշմարտությունից, երբ ակնարկում ենք ՀԱԿ ներսում առկա խլրտումների մասին:

 

Իրենց նախընտրական ցուցակների մասին լռում են նաեւ մյուս ուժերը: Դեռ վաղ է, ասում են: Սակայն, եթե մյուս ուժերի նախընտրական ցուցակները կազմվելու են ներկուսակցական սկզբունքներով, ապա ՀԱԿ-ի ցուցակն այդ եղանակով կազմվել չի կարող: Սա էլ հենց հետաքրքրություն է առաջացնում այդ հարցի նկատմամբ:

 

Նույնը` ՀՀԿ-ի դեպքում: Այսօր այնքան պոզուպոչ է միացել իշխող կուսակցությանը, որ դարձյալ խնդիրներ են ծագում` ինչպե՞ս տեղավորել բոլորին:

 

Ստացվում է, որ Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը կանգնած են միեւնույն խնդրի առաջ` ում խցկել ցուցակ եւ ում այլ բան խոստանալ: Սակայն, եթե Սերժ Սարգսյանի դիրքերն այս առումով շատ ամուր են, ապա նույնը չի կարելի ասել Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին: Մանավանդ հիմա, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց ՀՀԿ-ի հետ լինելու առավելությունների մասին: Տիգրան Սարգսյանի այս հայտարարությունից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀԱԿ կազմի կուսակցապետերը կարող են իրենք իրենց հարց տալ` հը՞… Մանավանդ որ ՀՀԿ-ում բաց դռների օրեր են: Կարող են հաշվել անցած չորս տարիների պլյուսներն ու մինուսները, հիշել բարձրորակ կոստյումի եւ փողկապի մասին Գալուստ Սահակյանի դասախոսությունները, երկխոսության երանելի օրերն ու այն հիշարժան պահերը, որ իրենց պահանջով պարգեւում էր Սերժ Սարգսյանը: Մարդը մի կյանք է ապրում, արժե՞ նորից աննպատակ փողոցները չափել, միլիցեքին քաշքշել, անտուն ու անզուգարան մնալ, Սերժ Սարգսյանի նման առատաձեռն մարդու հրաժարականը պահանջել:

 

Ամեն դեպքում` մտածելու բան է: Մի քիչ դժվար է, կարծում ենք ՀԱԿ-ՀՀԿ համագործակցության եզրեր գտնելը, բայց քաղաքականության մեջ, մանավանդ` հայկական քաղաքականության, ի՞նչ կա անհնար: Բավական է մի ակնարկ ՀԱԿ-ի կողմից եւ իսկույն մերձեցման երեկոն կկազմակերպվի: ՀՀԿ-ի համար դա խնդիր չէ` մի քանի ախուվախ մարտի 1-ի մեղավորներին հայտնաբերելու հարցերի շուրջ, մի քանի դհոլաելույթ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին, համակարգային փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ մի քանի ներբող,  ու, խնդրեմ, ՀԱԿ-ի պլատֆորմը ՀՀԿ-ում եւ կոալիցիայում պատրաստ է:

 

ՀԱԿ ցուցակի հարցն այս կերպ, հասկանալի է, չի լուծվի, բայց առնվազն կդադարի ներկոնգրեսական վեճը: Սերժ Սարգսյանից էլ հո չե՞ն նեղանալու: Նախագահից նեղանալը ո՞րն է: 10-12 պատգամավորական աթոռ, 1-2 նախարարական պորտֆել, 4-5 դիվանագիտական աշխատատեղ, 2 մարզպետ, 2 քաղաքապետ, 15-20 գյուղապետ, 50-60 ջրի մարդ, մի այդքան էլ գազի, հոսանքի, զիբիլի, հեռախոսի, հա` ըստ անհրաժեշտության` գայիշնիկ, տամոժնիկ, հարկային տեսուչ, մանկապարտեզի վարիչ ու դպրոցի տնօրեն: Լեւոն Տեր-Պետրոսյանն իսկի սրա կեսի կեսը չի կարող տալ իր ցուցակի մարդկանց, էլ ո՞ւր մնաց ողջ Կոնգրեսին գոհացնի:

 

Հետեւաբար` «Առաջ, առաջ Հայաստան, պայքար, պայքար, մինչեւ վե՞րջ»:

 

Հա, բայց ի՞նչ վատ բան կա դրա մեջ որ…

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ