կարևոր
5380 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-10 13:29
Քաղաքական

Ռուսաստանի հետ Միութենական պետություն կազմելու պաշտոնական առաջարկ չի եղել եւ չի էլ կարող լինել․ Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանի հետ Միութենական պետություն կազմելու պաշտոնական առաջարկ չի եղել եւ չի էլ կարող լինել․ Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանի հետ Միութենական պետություն կազմելու որեւէ պաշտոնական առաջարկ չի եղել եւ չի էլ կարող լինել։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե իր պաշտոնավարման ընթացքում եղե՞լ է առաջարկ Միութենական պետություն կազմելու, եւ ինչպիսինն է նրա վերաբերմունքը դրան։

«Իրականությունն այնքան պարզ չէ, որքան թվում է։ Երբեմն մենք պետք է խորը դիտարկենք, ոչ այնքան հարցի տեքստը, որքան ենթատեքստը եւ գլոբալ պրոցեսները։ Մեզ համար ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը բացարձակ արժեք են։ Մենք մեր պարտքը եւ պարտականությունն ենք համարում մեր հայրենքի հարատեւության ապահովումը»,- նշեց նա։

Հարցին, թե ոչ պաշտոնական խողովակներով ճնշումներ եղել են Հայաստանի նկատմամբ, թե՝ ոչ, Փաշինյանը նշեց, որ ոչ պաշտոնական խողովակ ասելով տարբեր բաներ կարելի է պատկերացնել։

«Օրինակ՝ փորձագետների առումով շարունակաբար զարգացող խոսություներն էլ կարելի է համարել ոչ պաշտոնական խողովակներ, շփումներն էլ։ Ենթադրում եմ՝ ԱԽ քարտուղարը ճնշումների մասին խոսելիս նաեւ սրանք է նկատի ունեցել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային եթերում հայտարարել էր, որ Ռուսաստանը ստիպում է Հայաստանին իր սուվերեն տարածքով միջանցք տրամադրել Ադրբեջանին եւ անդամակցել Ռուսաստան-Բելառուս ձեւավորվող միութենական պետությանը։