կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-27 16:32
Քաղաքական

Կոալիցիան փոփոխություն կկրի ոչ թե ձեւի, այլ բովանդակային իմաստով

Կոալիցիան փոփոխություն կկրի ոչ թե ձեւի, այլ բովանդակային իմաստով

Կոալիցիայի փլուզման վերաբերյալ խոսակցությունները ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը համարում է արհեստածին եւ դրսից ներմուծվող տեղեկատվական հոսքերի հետեւանք:

 

Ի պատասխան yerkir.am-ի հարցի` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ կոալիցիայում միանգամայն բնականոն հարաբերություններ են եւ երկրում առկա խնդիրների լուծման համատեղ ջանքեր:

 

«Իհարկե, այդ ջանքերի շրջանակներում կարող են լինել նաեւ հակասություններ, տարբեր դիրքորոշումներ, բայց սա նորմալ, բնականոն ընթացք է, ինչպես որ աշխարհի բոլոր քաղաքական կոալիցիաներում է լինում»,- ասաց նա:

 

Ա. Զաքարյանի խոսքով` նախընտրական զարգացումները որոշակիորեն կփոխեն կոալիցիոն տրամադրությունը, բայց ոչ թե ձեւի, այլ բովանդակության առումով, որովհետեւ, բացի այն բանից, որ կոալիցիոն գործընկերները պատասխանատվություն են ստանձնել պետության զարգացման ընթացիկ ժամանակահատվածի համար, նաեւ, որպես առանձին կուսակցություններ, հասարակության մոտ որոշակի ուշադրություն գրավելու խնդիրներ ունեն: Այս առումով, նախընտրական գործընթացներում զարգացումները կարող են մի փոքր այլ լինել:

 

Մեր հարցին ի պատասխան` հնարավո՞ր է, այնուամենայնիվ, որ այդ խնդիրները բերեն ձեւի փոփոխության, Զաքարյանը նշեց, որ ձեւի փոփոխություն առայժմ լինել չի կարող, բայց բովանդակային փոփոխությունները չեն բացառվում, որովհետեւ առաջիկայում ընտրություններ են եւ բնական է, որ կուսակցությունները կփորձեն առանձին հանդես գալ:

 

Ինչ վերաբերում է գործող հուշագրին, ապա, հանրապետական գործչի խոսքով, այն որեւէ մեկի կողմից չի մերժվել, ավելին` հընթացս համագործակցային ավելի լայն դաշտ է ձեւավորվում, որն արդեն մշակույթ է դառնում: