Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որևէ կապ չունի դերասան Վարդան Պետրոսյանի պատժի կրումն ազատ ռեժիմով սահմանելու հետ։ Ըստ նրա` Վարդան Պետրոսյանի պատժի` նման տեսակի սահմանումը քրեակատարողական հիմնարկում է որոշվել:
«Ապատեղեկատվություն եմ որակում այն ինֆորմացիան, համաձայն որի` Կոտայքի դատարանն է որոշել, որ Վարդան Պետրոսյանը ազատ ռեժիմով է պատիժը կրելու: Ազատ ռեժիմի գործընթացը դատարանների հետ ընդհանրապես կապ չունի, դա կարգավորվում է հատուկ օրենքներով: Աբովյանի դատարանը նման որոշում չի կայացրել, իրավասություն չունի, բաց ռեժիմի խնդիրը կարգավորվում է համապատասխան օրենքներով: Խոսքը ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 103-րդ հոդվածի մասին է: Այս օրենքով` կալանավայրն է որոշում պատժի կրման ձևը»,- ասաց Բալոյանը` հավելելով, որ տուժող կողմի շահերից չի բխում այս ապատեղեկատվությունը:
Նա նշեց նաև, որ լրատվամիջոցների կողմից տարածված տեսանյութում երևում է, որ Վարդան Պետրոսյանը տեղափոխվում է այլ քրեակատարողական, դա այն քրեակատարողականն է, որտեղ պատիժ են կրում անզգուշությամբ հանցագործություն իրականացնողները:
Ըստ Բալոյանի` Վարդան Պետրոսյանի դատապաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարում է, թե ինքը` Բալոյանն է մեղավոր, որ հաշտության չեն գնում: «Նիկոլայ Բաղդասարյանը հաշտության գնալու համար պայման էր դրել իմ առջև: Նա նշել էր`իբր ես ասել եմ, որ Վարդան Պետրոսյանը, մեղքն ընդունելուց բացի, պիտի դատարանում ասի, որ եղել է հարբած վիճակում: Ես պետք է համաձայնեի, որ նման բան է եղել: Սա է եղել պատճառը, որ կողմերի մեջ հաշտություն տեղի չի ունեցել: Սակայն ես կարծում եմ, որ Վարդան Պետրոսյանը փաստացի ընդունել է իր մեղքը, և նրա մեղքը ապացուցված է, քանի որ նրանք չեն դիմել Վերաքննիչ դատարան»,- ասաց նա: