կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-17 19:29
Քաղաքական

Սարկոզին գոհ է Հայաստան այցից

Սարկոզին գոհ է Հայաստան այցից

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որում շնորհակալություն է հայտնում «բացառիկ ընդունելության համար», որ ցուցաբերվեց Հայաստան` իր այցի ընթացքում. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

 

«Իմ պետական այցից նախևառաջ մնացել է այն խորը հուզմունքի զգացումը, որն ապրեցի Ցեղասպանության հուշահամալիրի մոտ` 1915 թ. ապրիլի 24-ին Ձեր ժողովրդի դեմ իրագործված մահավճռի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելիս: Վստահ եղեք, որ Ֆրանսիան չի դադարեցնի իր հանձնառությունն այնքան ժամանակ, քանի դեռ այդ ջարդերը հարկ եղածին պես չեն ճանաչվել իրականացնողների ժառանգների կողմից: Ես երջանիկ եմ, որ այցն ինձ հնարավորություն ընձեռեց հայ ժողովրդին վկայելու Ֆրանսիայի անկեղծ երախտագիտությունն այն ամենի համար, ինչը մեր երկրում ապաստան գտած Ցեղասպանությունից մազապուրծ եղածները տվել են Ֆրանսիային` նպաստելով Ֆրանսիայի դիմագծի կերտմանը` մինչև իսկ միաձուլվելով նրան:

 

Նույն կերպ ես պահպանում եմ հուզիչ հիշողությունն այն խանդավառության, որը համակել էր Ֆրանսիայի հրապարակը, և որը արտահայտությունն էր պատմության մեջ խորապես արմատավորված և նախորդ դարի փորձություններում կոփված մեր երկու երկրները միավորող այդքան սերտ բարեկամության:

 

Նաև ցանկանում եմ Ձեզ վերահաստատել, որ Ֆրանսիան Հայաստանին իր բարեկամն ու քույրն է համարում: Վստահ եղեք, որ Ֆրանսիան անշեղորեն Ձեր կողքին է` Ձեր երկրի առջև ծառացած մարտահրավերները դիմագրավելու և, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության` բանակցությունների միջոցով կարգավորման ճանապարհին: Ձեր երկրի համար ճակատագրական պահերին Դուք կարողացել եք ապացուցել Ձեր խիզախությունն ու պատասխանատվության զգացումը, որոնք հիացմունքի են արժանի: Ես չեմ կասկածում, որ հարկ եղած պահին, Դուք ի զորու կլինեք ստանձնել խաղաղության ռիսկը` հանուն Ձեր երկրի և տարածաշրջանի բարօրության` դրանով թողնելով Ձեր դրոշմը Հայաստանի ապագայի վրա:

 

Այժմ մենք պետք է որոշակիացնենք մեր հանդիպումների ժամանակ ուղենշված հեռանկարները, որպեսզի իրականացվեն ծրագրեր, որոնք կնպաստեն մեր երկու երկրների միջև բարեկամության առավել ամրապնդմանը: Հավատացած եղեք, որ Ֆրանսիան ի սրտե և անվերապահ կաշխատի դրանց իրագործման համար: Հայաստանին ցանկանում եմ խաղաղ և բարեկեցիկ ապագա, որի իրավունքը նա նվաճել է, և մաղթում եմ, որ երկրի ղեկավարի Ձեր առաքելությունը պսակվի այն հաջողությամբ, որին, իրավամբ, արժանի եք: Խնդրում եմ ընդունել, մեծարգո´ պարոն նախագահ, սիրելի´ Սերժ, ամենախոր հարգանացս, ինչպես նաև իմ խորը բարեկամական զգացումների հավաստիքը»,- ասված է նամակում: