Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Էնդրյու Շոֆերը և Ստեֆան Վիսկոնտին հայտարարություն են տարածել Հայաստան կատարած այցից հետո:
ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ հունիսի 12-14-ը Երևան կատարած այցի շրջանակում համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպումներ են ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Հայտարարության համաձայն` համանախագահներն ու Հայաստանի պաշտոնյաները դիտարկել են բանակցությունների կարգավիճակն ու քննարկել գործընթացն առաջ մղելուն ուղղված հետագա քայլերը, այդ թվում` մոտ ապագայում նախարարական հանդիպման կազմակերպումը:
«Նրանք նաև մտքերի փոխանակում են արել Հայաստան-Ադրբեջան սահմանին և շփման գծում տիրող ներկայիս իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով կառուցողական միջավայրը պահպանելու կարևորությունը»,-նշվում է հայտարարության մեջ:
Համանախագահները վերահաստատել են նաև իրենց հանձնառությունը հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու հարցում՝ հիմնված Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա, այդ թվում` ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման:
«Հայ պաշտոնյաներն իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ու գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքներին, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել շարունակել արդյունավետ աշխատանքը համանախագահների հովանու ներքո»,- ասվում է համանախագահների տարածած հայտարարության մեջ: