կարևոր
1807 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-08 11:10
Քաղաքական

Վարչապետի այցից հետո եղած հրաժարականները ազդակ են նաեւ ինձ համար. Մինասյանը գոհ է Փաշինյանի «նոր նշաձողներից»

«Վարչապետի այցերի արդյունքում բոլորս տեսանք հրաժարականներ եւ համապատասխան պաշտոնյաների դեմ կիրառված սանկցիաներ այն առումով, որ թերի աշխատանքն անպայման պետք է ունենա իր հետեւանքները։ Քրեական վարույթներ դեռեւս հարուցված չեն, գոնե իմ ունեցած ինֆորմացիայով, բայց բնականաբար, մեր իրավապահները, հատկապես այս դեպքում Հակակոռուպցիոն կոմիտեն, ուսումնասիրում են, որպեսզի հասկանան՝ արդյոք կա՞ տեխնիկական առաջադրանքի եւ հանձնման-ընդունման ակտի միջեւ անհամապատասխանություն, թե՞ ոչ»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Ըստ Մինասյանի՝ եթե որեւէ մեկն ընդունել է ապրանք կամ գույք, որը չի համապատասխանում պայմանագրային հարաբերություններին, բնականաբար, վարույթներ կլինեն։

«Իսկ ինչ վերաբերում է մնացած պրոցեսներին, կարծում եմ, որ շատ նորմալ գործընթաց է։ Եվ երբ ղեկավարը տեսնում է, որ որեւէ գերատեսչություն թերանում է, բնական է, որ պետք է լինեն հետեւանքներ։ Նախկինում դա կարող էր լինել ավելի թաքնված եւ ոչ բացահայտ հանրային, ի ուրախություն ինձ եւ մեր բազմաթիվ քաղաքացիների, թափանցիկ, բաց տեղի են ունենում գործընթացներ։ Եվ դա նաեւ ազդակ է բոլոր գերատեսչություններին, գերատեսչությունների ղեկավարներին, նախարարներին, ինձ անձամբ, թե ինչպես պետք է աշխատել եւ ինչ նոր նշաձող է սահմանվում երկրի ղեկավարի կողմից»,- հավելեց Գրիգոր Մինասյանը։