կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-06 11:12
Հասարակություն

Ազնավուրի շոկային հարցազրույցը

Ազնավուրի շոկային հարցազրույցը

Շառլ Ազնավուրը բացառիկ հարցազրույց է տվել Nouvelles d'Arménie ամսագրին, որում հայազգի հանրահռչակ երգչի հոգու ճիչն է, անհանգստությունը Հայաստանի, հայ հասարակության, հայ ժողովրդի ապագայի կապակցությամբ:

 

«Բառեր, որոնք զայրացնում են» հարցազրույցում անդրադառնալով Ցեղասպանության թեմային` նա ասել է. «Մեր թշնամիներն իրենց փրկելու համար սպասում են այն մարդկանց մահվանը, ովքեր դեռևս հիշում  են այն: Ո՞ր երկիրն է, իրեն զոհաբերելով, պաշտպանում մեզ։ Ոչ մի»:

 

Ազնավուրը դիմել է թուրքերին և կոչ արել նրանց, որ եթե չեն ցանկանում 1915թ. իրադարձություններին տալ ցեղասպանություն որակումը, ապա գոնե թող ընդունեն, որ իսկապես տեղի են ունեցել հայկական կոտորածներ: «Եթե հնարավոր լինի հասնել դրան, կարծում եմ՝ մեծ տարածություն հաղթահարած կլինենք»,- կարծիք է հայտնել նա:

 

Սակայն Ազնավուրը շեշտել է, որ մինչ կենտրոնանում ենք «ցեղասպանություն» եզրույթի վրա, Հայաստանը լուրջ վտանգի տակ է. օրեցօր դատարկվում է։

 

«Այնտեղ մարդկանց օգնելու համար ոչինչ չի արվում։ Ընդհակառակը` մաֆիայի անդամների մասին սարսափելի պատմություններ գիտեմ։ Այնպես են անում, որ գյուղացին սոված մնա իր իսկ հողի վրա։ Մաֆիայի այդ անդամներին պետք է գնդակահարել։ Այդպես այլևս չի կարող շարունակվել։ Գնացե'ք ձեր մաֆիան ուրիշ երկրներում հիմնեք, դա մի' արեք ձեր երկրում, ձեր ժողովրդի դեմ»,- ասել է երգիչը:


Անդրադառնալով Ղարաբաղյան համակարտությանը՝ Ազնավուրն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը ո'չ Հայաստանինն է, ո'չ էլ Ադրբեջանինը, այլ` անկախ երկիր։