Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնից Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հրաժարականն անակնկալ և շոկային էր Իրանի քաղաքական շրջանակի ու մեդիա դաշտի համար. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանը` մեկնաբանելով Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հրաժարականը:
«Պետք է նշենք, որ վերջին շրջանում կտրուկ ավելացել էին որոշակի շրջանակների, ավելի կոնկրետ՝ ծայրահեղական-պահպանողականների կողմից նրա դեմ գործադրվող ճնշումները: Իրանի արտաքին քաղաքականության համար առանցքային նշանակություն ունեցող մի շարք կարևոր նախաձեռնություններ, այդ թվում՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ միջազգային պայքարի «Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խումբ» (FATF) հետ կապված «Պալերմոյի արձանագրությունների» (Palermo protocols) և «Ահաբեկչության ֆինանսավորման ապահովման» (Combating the Financing of Terrorism- CFT) օրենքի նախագծերի հաստատումը լուրջ խոչընդոտների էին հանդիպել Իրանի իշխանական վերնախավի պահպանողական ներկայացուցիչների կողմից, իսկ Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանման և ԵՄ-ի հետ հարաբերությունների հետ կապված` Զարիֆի ցանկացած նախաձեռնություն սվիններով է ընդունվել այդ շրջանակների կողմից»,- նշեց մեր զրուցակիցը:
Ըստ նրա` ավելի կարևորը, սակայն, արտաքին քաղաքականության գործընթացներին ոլորտի հետ ուղղակիորեն առնչություն չունեցող ուժային կենտրոնների միջամտություններն էին, որոնք ակնհայտորեն նվազեցրել էին ԱԳՆ-ի և անձամբ Զարիֆի աշխատելու ու մանևրի հնարավորությունը:
«Նախօրեին Սիրիայի նախագահ Ասադի այցը կազմակերպվել էր ոչ ԱԳՆ-ի միջոցով: Իրանի հոգևոր առաջնորդի և Ասադի հանդիպման լուսանկարներում ակնհայտ երևում է նախագահ Ռոհանիի և Զարիֆի բացակայությունը, ինչն էլ հստակորեն վկայում է, որ այցն, այնուամենայնիվ, կազմակերպվել է այլ շրջանակների կողմից, որն անմիջականորեն զբաղվում է Սիրիայի, Իրաքի և տարածաշրջանի հետ Իրանի քաղաքականության հարցերով: Թվում է, թե հենց սա էլ եղել է վերջին այն կաթիլը, որը լցրել է Զարիֆի համբերության բաժակն ու նրա հրաժարականի պատճառ դարձել: Համենայն դեպս, այդ մասին է վկայում, ի պաշտպանություն Զարիֆի, հրաժարական նախաձեռնած ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների և արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատող մի խումբ դիվանագետների ուղղված` Զարիֆի կոչը, որում նա հստակորեն ասում է. «Հուսով եմ, որ իմ հրաժարականը կնպաստի արտաքին քաղաքականության ոլորտում` օրենքով նախատեսված ԱԳՆ կարգավիճակի վերականգնմանը»,- ասաց Շահնազարյանը:
Խոսելով Զարիֆի հրաժարականի հնարավոր հետևանքների մասին` նա նշեց, որ այն միանշանակորեն ծանր հարված է Իրանի արտաքին քաղաքականությանը: «Թեև ընդունված է ասել, թե չկան անփոխարինելի անձինք, այդուհանդերձ, ակնհայտ է, որ Իրանի անվտանգային միջավայրի համար անբարենպաստ այս պայմաններում մեծ փորձ և միջազգային ընկալում ունեցող Զարիֆի պես առաջնակարգ դիվանագետի բացը դժվար է լրացնել: Չմոռանանք, որ վերջին տարիներին Զարիֆը համարվում էր Իրանի արտաքին քաղաքականության բրենդը, դրա այցեքարտը, առանց որի դժվար էր պատկերացնել Միջուկային համապարփակ համաձայնագրի կայացումն ու Իրանի շուրջ միջազգային դրական կարծիքի ձևավորումը: Անձամբ հավատացած եմ, որ հետհեղափոխության շրջանում Իրանը Մոհամմադ Ջավադ Զարիֆի որակի ու կալիբրի ԱԳ նախարար չի ունեցել: Հուսով եմ, որ նախագահ Ռոհանիին կհաջողվի համոզել Զարիֆին` ետ վերցնել հրաժարականը: Դա բխում է Իրանի և ոչ միայն Իրանի, այլ նաև միջազգային դիվանագիտության անմիջական շահերից»,- ասաց Արամ Շահնազարյանը:
Գ. Մ.