կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-30 19:50
Առանց Կատեգորիա

Աֆրիկյանների ակումբի դժբախտ ճակատագիրը

Աֆրիկյանների ակումբի դժբախտ ճակատագիրը

Հին Երեւանի ճակատագրի մասին մտածողներն անհանգստանում են ու նշում. «Եթե 19-րդ դարավերջին մեծահարուստ Աֆրիկյանների կողմից կառուցված՝ Երեւանի առաջին ակումբային շենքը (Տերյան 11) քանդեն, ապա ոչ միայն կվերանա այդ գեղեցիկ հուշարձանը, այլեւ կկորցնենք Եղիշե Չարենցի բանտային կյանքի դրվագներից մեկը»:

 

Շենքում այսօր ապրող բնակիչները պատմում են, որ իրենց մեծերից լսել են, թե շենքի նկուղներում ժամանակին բանտարկված են եղել ստալինյան տարիներին հետապնդվող հայտնի մարդիկ, որոնցից մեկը եղել է Չարենցը, որտեղից էլ նրան տարել են անհայտ ուղղությամբ:

 

Արխիվային փաստաթղթերը պատմում են, որ մեծահարուստ Աֆրիկյանների ներդրումներով էր, որ 100 տարի առաջ` 1911-ին, Երեւանն ապահովվեց խմելու ջրով, իսկ այն ժամանակ գյուղաքաղաք հիշեցնող Երեւանի համար կառուցված տարբեր գործարաններն ու ձեռնարկությունները շատերին ապահովեցին մի կտոր հացով:

 

Տերյան 11 հասցեում է գտնվում Աֆրիկյանների կողմից 19-րդ դարավերջին կառուցված շենքը: Երբ փակվեց Բունիաթյանների ակումբը, այս շենքում 1913-ից գործեց այն ժամանակվա ամենահայտնի ակումբը: Վայր, որտեղ հավաքվում էին Երեւանի մեծամեծները, պատկառելի եւ արիստոկրատ մարդիկ, քննարկում համաքաղաքային հարցեր, բիզնես ծրագրեր կամ պարզապես հանգստանում մի բաժակ գինու շուրջ, պատմում իրենց արկածներից ու տարվում թղթախաղով:

 

Պատմություններն այն մասին, թե Տերյան 11 հասցեի (այժմ արդեն առանց տանիքի մնացած՝ Աֆրիկյանների ակումբի) հարեւանությամբ եղել է Երեւանի առաջին հասարակաց տունը, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը սուտ համարեց. «Նման բան չի եղել: Այն եղել է ուղղակի հավաքատեղի: Այդ խոսակցությունների պատճառը եղել են շենքի ճակատային մասում գտնվող քանդակները: Խաչմերուկի անկյունի տանն ապրել են Աֆրիկյանների բնակարանի եւ ակումբի սպասարկու անձնակազմը, որոնք այցելուներին սուրճ եւ խմիչք են մատուցել»:

 

Հին երեւանցիների սերունդներն իրենց պապերից լսել են, որ այդ հաստատությունը երբեք հաճախորդների պակաս չի ունեցել. նրանք եղել են բարձրաստիճան սպաներ, արդյունաբերողներ ու բանկիրներ, ինչպես նաեւ պետական ու քաղաքական գործիչներ: Խորհրդային իշխանությունները, 1926թ. պետականացնելով վերոհիշյալ շենքը, այն տրամադրում են Ազգային անվտանգության ծառայությանը: Այնուհետեւ Աֆրիկյանների կառուցած շենքը վերածվեց բազմաբնակարան շենքի, որտեղ ապաստան գտան ավելի քան 3 տասնյակ ընտանիքներ:

 

Պուշկին-Տերյան փողոցների հատման տարածքը, այդ թվում՝ Տերյան 11-13-ում գտնվող` Աֆրիկյանների կառուցած շենքն ընդգրկող հատվածը 2007թ. կառավարության որոշմամբ ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ, իսկ տարածքի ձեռքբերման իրավունքը տրամադրվել է «Դվին հոլդինգ» ՓԲԸ-ին, որի իրավահաջորդն այսօր «Միլլենիում քոնթրաքշն» ՍՊԸ-ն է: Կառուցապատողը, շենքի բնակիչներին փոխհատուցում տրամադրելով, ստիպեց քանդել իրենց բնակարանները, նույնիսկ հաշվի չառնելով, որ դեռ երեք ընտանիք շարունակում է ապրել նույն տարածքում: Այսօր շենքը վթարային է:

 

ՀԿ-ն ամիսներ առաջ պարզաբանումներ ստանալու համար գրավոր դիմել է ՀՀ մշակույթի նախարարություն, որին ի պատասխան՝ փոխնախարար Արեւ Սամուելյանը նշել է. «Տերյան 11-13 հասցեում գտնվող հուշարձան-շենքի ներքին տարածքներում, խախտելով «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի պահանջները, առանց հուշարձանների պահպանության բնագավառի լիազորված մարմնի թույլտվության՝ կատարվել են քանդման աշխատանքներ. ապամոնտաժվել է շենքի տանիքի մի հատվածը, միջհարկային ծածկերը, որի արդյունքում հուշարձանը կարող է քայքայվել եւ հետագայում փլուզվել»:

 

Նախարարությունում տեղյակ են, որ Աֆրիկյանների ակումբն այսօր փլուզման եզրին է, ու այդ մասին տեղեկացրել են Երեւանի քաղաքապետարանին` խնդրելով ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ օրինախախտումը կանխելու եւ հուշարձանի ներքին տեսքը վերականգնելու համար: Իհարկե, քաղաքապետարանն իր լիազորությունների սահմաններում պարտավոր է կասեցնել այն աշխատանքները, որոնք կարող են վտանգել հուշարձանը, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկել օրինախախտներին, սակայն քաղաքային իշխանություններն անտարբեր են:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ

Լուսանկարը` հեղինակի