կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-19 18:20
Հասարակություն

Աֆրիկյանների ակումբի «լեգոներն» ու սփյուռքահայ գործարարի օրինակը

Աֆրիկյանների ակումբի «լեգոներն» ու սփյուռքահայ գործարարի օրինակը

«Գլենդել Հիլզի» պահեստներում շուտով (եթե, իհարկե, պատկան մարմինները չկանխեն դա) նոր` համարակալված քարեր կհայտնվեն` Աֆրիկյաններից մնացած ժառանգության վերջին բեկորները: Դրանք իրենց բախտակիցների` Բուզանդի 9 և Բուզանդի 29 շենքերի դիմային հատվածների ապամոնտաժված քարերի հետ «կսպասեն» «Հին Երևան» նախագծի իրականացմանը:

 

Պահեստում պահվող քարերն առաջին հայացքից հիշեցնում են մանկական «Լեգո» խաղի մասնիկներ` պարզապես մի տարբերությամբ` դրանք հասարակ քարեր չեն, դրանք հայկական տուֆի մնայուն խորհրդանիշերն են, մեծ մասը` քանդակազարդ: Եվ,  ի տարբերություն լեգոյի գույնզգույն քարերն իրար միացնող երեխայի, դժվար է պատկերացնել «Հին Երևան» նախագիծն իրականացնող շինարարի գործը: Պատկերացնենք` նախագիծը ֆինանսավորող հայտնվի, ասենք, 10 տարի անց, և շինարարական աշխատանքներ սկսվեն այդ ժամանակ: Հետաքրքիր է` ինչպե՞ս են խեղճ շինարարները վերականգնելու շենքները, չէ՞ որ տարիներ անց համարակալված թվերը հնարավոր է նաև ջնջված լինեն քարերի վրայից, էլ չենք ասում` ապամոնտաժման և տեղափոխման ժամանակ վնասվելու հանգամանքը, որի վառ օրինակին ականատես ենք եղել ինքներս:


Օրեր առաջ 19-րդ դարի վերջի եւ 20-դարի սկզբի Երեւանի խորհրդանիշերից մեկը համարվող Աֆրիկյանների ակումբի շենքի ճակատային հատվածի մի քանի քարեր բանվորներն ուղղակի քանդեցին և պարզապես դեն նետեցին, ինչն էլ ավելի հարուցեց ակտիվիստների զայրույթը: Սակայն խնդիրն այսօր ոչ թե պատշաճ ապամոնտաժումն է, այլ պատմական հուշարձանի պահպանումն այն տեղում, որտեղ այն հիմնվել է: Խնդիրն այնքան է հանրայնացվել, որ այսօր Աֆրիկյանների ակումբի շենքը պահպանելու համար պայքարի են դուրս եկել նաև Աֆրիկյանների ժառանգները, ովքեր կառուցապատողին առաջարկում են` կառուցել համապատասխան շինությունը` պահպանելով շենքի ճակատային մասը, այսինքն`  կառուցել նորը` պահելով հինը: Իսկ նմանատիպ շենքերի օրինակներ մայրաքաղաքում, մասնավորապես` Կենտրոնում շատ կան:

 

Դրա վառ օրինակն է Հյուսիսային պողոտայի հետնամասում` Պուշկին-Աբովյան խաչմերուկի մոտ կառուցվող հյուրանոցը, որի սեփականատերը` սփյուռքահայ գործարար Նազարեթ Բերբերյանը, կասկածելի հանգամանքերում սպանվեց 2009-ին: Լուսանկարում երևում է, թե ինչպես է հյուրանոցի ճակատային մասը, որը նույնպես 19-րդ դարի վերջի կառույց է, համապատասխանեցվել է նոր շինությանը` առանց աղճատելու պատմական կառույցը: Շինության ճակատային մասի հին տեսքը պահպանելը հնարավոր է` մի քանի պատճառ ունեցած լինի: Նախ` կառուցապատողը սփյուռքահայ էր, դա արդեն իսկ խոսում է այն մասին, որ նա շահագրգռված պետք է լիներ պահպանել հինը: Սակայն բացառված չէ, որ պատկան մարմինները գործարարին ստիպած լինեն չքանդել կառույցը: Նման պարագայում ստացվում է, որ երբ մի սփյուռքահայ Հայաստանում ներդրում է կատարում և ինչ-որ շինություն կառուցում, պետք է հաշվի առնի մեր պատմական արժեքներն ու կատարի իշխանությունների թելադրանքը, սակայն, երբ հայաստանյան ինչ-որ օլիգարխ կամ պաշտոնյա  մեր երկրում շենք է կառուցում, պետք է բոլորս հաշվի նստենք նրա հետ: Ինչևէ, կրկին անդրադառնանք «Հին Երևան» նախագծին:

 

Արդարության համար նշենք, որ ծրագիրն իսկապես հաջողված է և, եթե ներդրող հայտնվի և այն իրագործվի, Արամի փողոցում մենք կունենանք հին Երևանի պատկերը, որն, անկասկած, յուրաքանչյուր երևանցու հպարտությունը կլինի, սակայն քանի դեռ ներդրող չկա, և նախագիծը կյանքի կոչված չէ, կանխատեսումներ անելը դժվար է: Ավելին` այն նմանվում է «Կիկոսի մահը» հեքիաթի պատմությանը:

 

Հարցը դիտարկելով ազգային տեսանկյունից, ստանում ենք հակառակ պատկերը: Բոլոր ժամանակներում հայն ամենուրեք թողել է իր կնիքը` խաչքարերի ու հուշարձանների տեսքով շունչ տալով քարերին: Սակայն ոչ մի քար հենց այնպես ինչ-որ տեղում չի դրվել, անշուշտ, այն ինչ-որ նպատակ հետապնդել է, պարզապես ոչ բոլորի մասին է մեզ հայտնի: Իսկ այն, որ հուշարձանը կամ խաչքարը չի կարելի տեղափոխել, հայտնի է բոլորին: Եվ այսօր երես թեքել պատմական իրողությունից և, որպես պատճառ, մատնանշել ժամանակի թելադրանքը, առնվազն զավեշտալի է: Իսկ վերջին տարիներին, կարծես, մոդայիկ է դարձել հուշարձանները կամ խաչքարարերը տեղահանելը,  լավագույն դեպքում` դրանք այլ վայրերում տեղադրելը: Նման մի երևույթի հանրությանն առերեսվեց տարիներ առաջ, երբ մեր կառավարությունը որոշեց մարզերից բերված հուշարձանների հաշվին զարկ տալ երևանյան տուրիզմին: 2012-ին, կառավարության թույլտվությամբ, Հայաստանի պատմության պետական թանգարանի հրապարակահայաց բաց սյունասրահում կազմակերպվեց «Քարերը ժողովելու ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը:

 

Իսկ ինչ է, պարտադի՞ր է քարերը ժողովել մի տեղում, նոր ուշադրության արժանացնել: Հնարավո՞ր չէ պարզապես հանգիստ թողնել քարերը, առանց այն էլ դրանք այնքան են «հոգնել»:

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ