կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-26 17:50
Քաղաքական

ՀՀԿ-ն չի կասկածում, որ հաղթելու է

ՀՀԿ-ն չի կասկածում, որ հաղթելու է

«Ես կարեւորում եմ Սերժ Սարգսյանի այցը ԱՄՆ, եւ նրա ծրագրային ելույթը ՄԱԿ-ում գնահատում եմ որպես ժողովրդավար երկրի առաջնորդի ելույթ: Նախագահն իր ելույթում ցույց տվեց, որ ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում պետք է շարունակվեն: Նախագահը նաեւ Ցեղասպանության հարցն է բարձրաձայնել` ասելով, որ քանի դեռ աշխարհը չի դատապարտել այն, 21-րդ դարում հնարավոր են նոր ցեղասպանություններ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

 

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների` թուրքական խորհրդարան վերադարձին` նա ասաց, թե դա «էժանագին հնարք» էր թուրքական կողմից: Միջազգային հանրությունը Թուրքիայից սպասում է արձանագրությունների վավերացում, ուստի Ղարաբաղի ճանաչումն անխուսափելի է լինելու:

 

Լրագրողների այն հարցին, թե Սերժ Սարգսյանը չի՞ պատրաստվում իր տեղը զիջել Ռոբերտ Քոչարյանին, Շարմազանովը պատասխանեց. «Կա կոալիցիոն հուշագիր, եւ ՀՀԿ-ն վճռական շարունակելու է իր բարեփոխումները՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»:

 

Նա նշեց նաեւ, որ վերջին շրջանում, կարծես, ավարտում ենք վիկիլիքսյան հրապարակումների քննարկումները  եւ սկսում ենք խոսել Ռուսաստանում ընթացող քաղաքական զարգացումների` Հայաստանի քաղաքական կյանքում ունեցած անդրադարձների մասին: Սակայն, Շարմազանովի խոսքով, արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանի դերն ու կշիռը մեծացել է:

 

Խոսելով ներքին քաղաքական գործընթացներից եւ սպասվելիք խորհրդարանական ընտրություններից, Է. Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ի հիմքերն ամուր են` իշխանության մնալու համար. «Խորհրդարանական ընտրություններին հետաքրքիր քաղաքական պայքար կլինի, եւ ՀՀԿ-ի հաղթանակի հարցում կասկածներ չկան: ՀՀԿ-ն կենդանի քաղաքական օրգանիզմ է»:

 

Ինչ վերաբերում է ընդդիմադիր թեւեին, ապա ըստ ՀՀԿ խոսնակի, Հայ ազգային կոնգրեսը եւ մյուս ուժերն ավելի արմատական լինելու խնդիր ունեն. «Որեւէ քաղաքական ուժ ոտքը ոտքի վրա դրած, բազմոցի վրա նստած չի գնում ընտրությունների:Գոյություն ունի մի չգրված օրենք. այն երկիրը, որը գնում է ցնցումների ճանապարհով, մի քանի տասնամյակ հետք է թողնում իր ժողովրդի պատմության վրա»:

 

Ինչ վերաբերում է վիքիլիքսյան բացահյտումներին եւ ՀԱԿ առաջնորդի` դրանց մեկնաբանմանը, Շարմազանովն ասաց, թե լավ կլիներ, որ նա անդրադառնար նույն «Վիքիլիքսի» իրեն վերաբերող հրապարակումներին:

 

Տաթեւիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ