կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-01 14:26
Հասարակություն

Ես մեկնում եմ կռիվ՝ մեռնելու կամ հաղթելու, բայց՝ հաղթելու. Վարդան Բախշյան

Այսօր Արցախյան ազատամարտի հերոս, ՀՅԴ անդամ, Հայաստանում սկաուտության վերահիմնադիր Վարդան Բախշյանը կդառնար 50 տարեկան:

Վարդան Ազատի Բախշյանը ծնվել է 1965 թվականի հունիսի 1-ին Հոկտեմբերյանում (այժմ՝ Արմավիր ): Միջնակարգ կրթությունը ստացել է Արմավիր քաղաքի թիվ 2 միջնակարգ (այժմ՝ Վարդան Բախշյանի անվան) դպրոցում։

1983 թ. ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ։ 1983-1985 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո ուսումը շարունակել է համալսարանում։ 1989 թ. ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա՝ միաժամանակ աշխատելով Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայում։

Ուսանողական տարիներին Վարդանը համալսարանի արևելագիտության ֆակուլտետում թուրքերեն և ադրբեջաներեն է ուսումնասիրել: Թուրքերենի նկատմամբ Վարդանի հետաքրքրությունը պայմանավորված է եղել հետագայում թուրքական արխիվներում հայոց պատմության համար անհայտ էջերի ուսումնասիրմամբ:

1989 թ. Վ. Բախշյանը դառնում է Հայաստանում կրկին վերահաստատված Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հիմնադիրներից մեկը։ 1991թ. Աթենքում ընտրվում է ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ:

Մինչև Արցախի ազատամարտին մասնակցելը Վ. Բախշյանը պատրաստվում էր պաշտպանել թեկնածուական ատենախոսություն՝ «Արևմտյան Հայաստանի վարչական բաժանումները» թեմայով։

Արցախյան հերոսամարտի տարիներին Վարդանը մի խումբ ընկերների հետ հիմնադրել է Հայ ուսանողական դաշինքը և հրատարակել «Դաշինք» թերթը:

Վարդանը 1990թ. ընկերների հետ մեկնել է Արցախ, մասնակցել տեղի գյուղերի պաշտպանության մարտերին: Մասնակցել է Բերձորի ինքնապաշտպանությանը։ Զոհվել է 1991թ. դեկտեմբերի 16-ին Հասանաբադ գյուղի մոտ: Վարդան Բախշյանը թաղված է Եռաբլուրի պանթեոնում:

* * *

«Ես մեկնում եմ կռիվ՝ մեռնելու կամ հաղթելու, բայց՝ հաղթելու». Վարդան Բախշյան