կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-16 14:19
Հասարակություն

«Ես մեկնում եմ կռիվ՝ մեռնելու կամ հաղթելու, բայց՝ հաղթելու»

«Ես մեկնում եմ կռիվ՝ մեռնելու կամ հաղթելու, բայց՝ հաղթելու»

Այսօր Արցախյան ազատամարտի հերոս, ՀՅԴ անդամ, Հայաստանում սկաուտության վերահիմնադիր Վարդան Բախշյանի նահատակության օրն է։

Վարդան Ազատի Բախշյանը ծնվել է 1965 թվականի հունիսի 1-ին Արմավիրում: Միջնակարգ կրթությունը ստացել է Արմավիր քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Դպրոցն այժմ  կրում է Վարդան Բախշյանի անունը:

1983 թ. ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ։ 1983-1985 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո ուսումը շարունակել է համալսարանում։ 1989 թ. ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա՝ միաժամանակ աշխատելով Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայում։

Ուսանողական տարիներին Վարդանը համալսարանի արևելագիտության ֆակուլտետում թուրքերեն և ադրբեջաներեն է ուսումնասիրել: Թուրքերենի նկատմամբ Վարդանի հետաքրքրությունը պայմանավորված է եղել հետագայում թուրքական արխիվներում հայոց պատմության համար անհայտ էջերի ուսումնասիրմամբ:

1989 թ. Վարդան Բախշյանը դառնում է Հայաստանում կրկին վերահաստատված Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հիմնադիրներից մեկը։ 1991թ. Աթենքում ընտրվում է ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ:

Մինչև Արցախի ազատամարտին մասնակցելը Վարդան Բախշյանը պատրաստվում էր պաշտպանել թեկնածուական ատենախոսություն՝ «Արևմտյան Հայաստանի վարչական բաժանումները» թեմայով։

Արցախյան հերոսամարտի տարիներին Վարդանը մի խումբ ընկերների հետ հիմնադրել է Հայ ուսանողական դաշինքը և հրատարակել «Դաշինք» թերթը, որի գլխավոր խմբագիրն էր:

Եվ այսպես` Վարդանը մտավորական էր, պատմագետ, նաև բանասեր ու մանկավարժ, օսմանագետ, արևելյան լեզուների, հատկապես` պարսկերենի ու արաբերենի մասնագետ, համալսարանական ասպիրանտ էր, դոկտորական ավարտաճառը պատրաստ էր, բայց մեկնեց Արցախ: 

1990թ. մասնակցել է Արցախի գյուղերի պաշտպանության մարտերին: Մասնակցել է Բերձորի ինքնապաշտպանությանը։ Վարդան Բախշանը, իր զինակից և կուսակից ընկերներ Գագիկ Գրիգորյանն ու Վաչե Ռոստոմյանը զոհվել են 1991թ. դեկտեմբերի 16-ին՝ Հասանաբադ գյուղի մոտ:

Վարդան Բախշյանը թաղված է «Եռաբլուր» պանթեոնում: