կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-12 13:54
Քաղաքական

ԲՀԿ-ն խիստ կասկածում է ՀՀԿ-ին` «ինչ-որ բան այն չէ»

ԲՀԿ-ն խիստ կասկածում է ՀՀԿ-ին` «ինչ-որ բան այն չէ»

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին լրագրողները ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանից եւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցին, թե ո՞րն է ԲՀԿ-ի փաստարկը, որով դեմ են արտահայտվում սահմանադրական փոփոխությունների անցկացմանը:

 

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ թերթել է հոդված, որում դեռ տարի ու կես առաջ Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչներն արտահայտել են ըմբոստ դիրքորոշում, թե ինչու չի կարելի կիսապատերազմական վիճակում գտնվող երկրին անցնել խորհրդարանական մոդելի:

 

«Բազմաթիվ հանրապետական պատգամավորներ, որոնք այսօր կրծքով պաշտպանում են կառավարման մոդելի փոփոխությունը, այն ժամանակ ուրիշ կերպ են արտահայտվել: Ավելի շատ զարմանալի հայտարարություն լսեցի Գևորգ Դանիելյանից` որ հանրությունն այսօր շատ է ուզում անցնել կառավարման մոդելի փոփոխության, իբրև բազմաթիվ հանդիպումներ են անցկացրել մարզերում և հասարակությունից ստացել են այդ մեսիջը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` այդ հանդիպումները համեմատելով սովետական ժամանակաշրջանի գյուղսովետի հանդիպումների հետ, երբ աշխատանքից հոգնած գյուղացիները «ննջում էին սահմանադրական փոփոխությունների լիկբեզի ներքո», ուստի այդ ամենը չի կարելի անվանել հասարակական քննարկում:

 

Վահե Հովհաննիսյանն էլ նշեց, որ ցանկացած արհեստական գաղափար, որը դրվում է շրջանառության մեջ, կասկած է հարուցում: Պատգամավորի համոզմամբ` Հայաստանում առկա որևէ խնդիր պայմանավորված չէ Սահմանադրությամբ կամ դրա թերություններով, ուստի կասկած է հարուցում այն փաստը, որ իշխանությունները նման ջանասիրությամբ շրջանառում են սահմանադրական փոփոխությունների հարցը:

 

«Նախագահ Սերժ Սարգսյանը տարբեր առիթներով ասել է, որ դեմ է կառավարման խորհրդարանական համակարգին, այնինչ վերջերս նրա թիմակիցները սկսեցին բուռն պաշտպանել կառավարման խորհրդարանական մոդելը, իսկ մենք գիտենք, որ նախագահը չի կարող մի բան ասել, իսկ նրա թիմակիցները` լրիվ այլ բան: Դա նույնպես կասկած է հարուցում, որ ինչ-որ բան այնպես չէ»,- ասաց պատգամավորը:

 

Շարունակելով իր կասկածների շարքը` նաը նշեց, որ կիսապատերազմական պայմաններում թե' այս իշխանությունները, թ'ե նախորդները բազմիցս ասել են, որ ավելի արդյունավետ է կիսանախագահական կամ նախագահական մոդելը` ճիշտ որոշումների կայացման առումով: Այս օրերին կա ո'չ խաղաղություն, ո'չ պատերազմ վիճակը, ուրեմն` պատգամավորը հարց է ուղղում, թե ի՞նչ է փոխվել: Արդյո՞ք արտագաղթի նման ծավալների պարագայում ճիշտ է դնել կառավարման մոդելի փոփոխության հարցը: «Գուցե սպասե՞նք` տնտեսությունը վերականգնվի, մարդիկ վերադառնան իրենց տները, նոր դրվի այդ հարցը, որովհետև 250 հազար արտագաղթած քաղաքացի, փաստորեն, չի քվեարկելու հանրաքվեի ժամանակ, ինչը մեծ թիվ է»,- ասաց Վահե Հովհաննիսյանը: