կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-01 10:57
Հասարակություն

«Ես մեկնում եմ կռիվ՝ մեռնելու կամ հաղթելու, բայց՝ հաղթելու»

Այսօր Արցախյան ազատամարտի հերոս, ՀՅԴ անդամ, Հայաստանում սկաուտության վերահիմնադիր Վարդան Բախշյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 53 տարեկան:

Վարդան Ազատի Բախշյանը ծնվել է 1965 թվականի հունիսի 1-ին Արմավիրում: Միջնակարգ կրթությունը ստացել է Արմավիր քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Դպրոցն այժմ  կրում է Վարդան Բախշյանի անունը:

1983 թ. ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ։ 1983-1985 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո ուսումը շարունակել է համալսարանում։ 1989 թ. ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա՝ միաժամանակ աշխատելով Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայում։

Ուսանողական տարիներին Վարդանը համալսարանի արևելագիտության ֆակուլտետում թուրքերեն և ադրբեջաներեն է ուսումնասիրել: Թուրքերենի նկատմամբ Վարդանի հետաքրքրությունը պայմանավորված է եղել հետագայում թուրքական արխիվներում հայոց պատմության համար անհայտ էջերի ուսումնասիրմամբ:

1989 թ. Վարդան Բախշյանը դառնում է Հայաստանում կրկին վերահաստատված Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հիմնադիրներից մեկը։ 1991թ. Աթենքում ընտրվում է ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ:

Մինչև Արցախի ազատամարտին մասնակցելը Վարդան Բախշյանը պատրաստվում էր պաշտպանել թեկնածուական ատենախոսություն՝ «Արևմտյան Հայաստանի վարչական բաժանումները» թեմայով։

Արցախյան հերոսամարտի տարիներին Վարդանը մի խումբ ընկերների հետ հիմնադրել է Հայ ուսանողական դաշինքը և հրատարակել «Դաշինք» թերթը, որի գլխավոր խմբագիրն էր:

Եվ այսպես` Վարդանը մտավորական էր, պատմագետ, նաև բանասեր ու մանկավարժ, օսմանագետ, արևելյան լեզուների, հատկապես` պարսկերենի ու արաբերենի մասնագետ, համալսարանական ասպիրանտ էր, դոկտորական ավարտաճառը պատրաստ էր, բայց մեկնեց Արցախ: 

1990թ. մասնակցել է Արցախի գյուղերի պաշտպանության մարտերին: Մասնակցել է Բերձորի ինքնապաշտպանությանը։ Զոհվել է 1991թ. դեկտեմբերի 16-ին Հասանաբադ գյուղի մոտ: Վարդան Բախշյանը թաղված է «Եռաբլուր» պանթեոնում: 

«Ես մեկնում եմ կռիվ՝ մեռնելու կամ հաղթելու, բայց՝ հաղթելու». Վարդան Բախշյան