|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր Արցախյան ազատամարտի հերոս, ՀՅԴ անդամ, Հայաստանում սկաուտության վերահիմնադիր Վարդան Բախշյանը կդառնար 52 տարեկան:
Վարդան Ազատի Բախշյանը ծնվել է 1965 թվականի հունիսի 1-ին Արմավիրում: Միջնակարգ կրթությունը ստացել է Արմավիր քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Դպրոցն այժմ կրում է Վարդան Բախշյանի անունը:
1983 թ. ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ։ 1983-1985 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո ուսումը շարունակել է համալսարանում։ 1989 թ. ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա՝ միաժամանակ աշխատելով Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայում։
Ուսանողական տարիներին Վարդանը համալսարանի արևելագիտության ֆակուլտետում թուրքերեն և ադրբեջաներեն է ուսումնասիրել: Թուրքերենի նկատմամբ Վարդանի հետաքրքրությունը պայմանավորված է եղել հետագայում թուրքական արխիվներում հայոց պատմության համար անհայտ էջերի ուսումնասիրմամբ:
1989 թ. Վարդան Բախշյանը դառնում է Հայաստանում կրկին վերահաստատված Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հիմնադիրներից մեկը։ 1991թ. Աթենքում ընտրվում է ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ:
Մինչև Արցախի ազատամարտին մասնակցելը Վարդան Բախշյանը պատրաստվում էր պաշտպանել թեկնածուական ատենախոսություն՝ «Արևմտյան Հայաստանի վարչական բաժանումները» թեմայով։
Արցախյան հերոսամարտի տարիներին Վարդանը մի խումբ ընկերների հետ հիմնադրել է Հայ ուսանողական դաշինքը և հրատարակել «Դաշինք» թերթը, որի գլխավոր խմբագիրն էր:
Եվ այսպես` Վարդանը մտավորական էր, պատմագետ, նաև բանասեր ու մանկավարժ, օսմանագետ, արևելյան լեզուների, հատկապես` պարսկերենի ու արաբերենի մասնագետ, համալսարանական ասպիրանտ էր, դոկտորական ավարտաճառը պատրաստ էր, բայց մեկնեց Արցախ:
1990թ. մասնակցել է Արցախի գյուղերի պաշտպանության մարտերին: Մասնակցել է Բերձորի ինքնապաշտպանությանը։ Զոհվել է 1991թ. դեկտեմբերի 16-ին Հասանաբադ գյուղի մոտ: Վարդան Բախշյանը թաղված է «Եռաբլուր» պանթեոնում:
«Ես մեկնում եմ կռիվ՝ մեռնելու կամ հաղթելու, բայց՝ հաղթելու». Վարդան Բախշյան